շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արման Թաթոյանի գլխավորությամբ կառավարություն ձեւավորելու լուրը մեկնաբանել է Վազգեն Մանուկյանը

Արման Թաթոյանի գլխավորությամբ կառավարություն ձեւավորելու լուրը մեկնաբանել է Վազգեն Մանուկյանը

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի ղեկվար Վազգեն Մանուկյանը պարզաբանել է տեղեկատվությունը, ըստ որի, օրերս պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ազգային կոմիտեի կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ, և եղել է պայման, որ կաթողիկոսներն ու նախկին նախագահները հրապարակային աջակցություն հայտնեն այդ գաղափարին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, և գաղափարը չի իրագործվել։ Ընդ որում, Արման Թաթոյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից հերքել են այդ հայտարարությունը։

Այս առնչությամբ, Վազգեն Մանուկյանն ասել է. «Հավանաբար իրար են խառնվել հետևյալ երեք ինֆորմացիաները․

Առաջին․ կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ ներգրավելը, և քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։

Երկրորդ․ կոմիտեի անդամները ներքին խոսակցության մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ։ Տարբեր մարդկանց անուններ են հնչել, այդ թվում և Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ դա չի քննարկվել, և այդպիսի որոշում չի ընդունվել։

Ընդ որում ես միշտ պնդել եմ, որ հիմա ժամանակը չէ դա քննարկելու, պետք է նախևառաջ կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում, և երբ մոտենանք այն եզրին, որտեղից երևում է իշխանափոխությունը, այդ ժամանակ հնարավորություն կունենանք բնական ձևով առաջարկել վարչապետի թեկնածու։

Երրորդ. կոմիտեի որոշ անդամների կարծիքով՝ նպատակահարմար և օգտակար կլիներ, եթե վեհափառն ու երեք նախագահները հանդես գային միասնական հայտարարությամբ՝ կապված շարժման և այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու Արցախում (բայց ոչ իհարկե վարչապետի թեկնածուի վերաբերյալ), սակայն տեխնիկական պատճառներով այդ գաղափարի իրագործումը հետաձգվեց»:

Հարցին, թե ի՞նչ իրավիճակում են Ազգային կոմիտեի աշխատանքները, կոմիտեն գործո՞ւմ է, վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ կոմիտեի ամենամեծ թերությունն այն էր, որ չկարողացավ իր մեջ ներգրավել տարբեր քաղաքական-հասարակական հոսանքների ներկայացուցիչներ և չներկայացրեց ողջ ընդդիմադիր դաշտը։

Այդ հարցերը քննարկելու համար հոկտեմբերին քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների մոտ 60 ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ փակ հանդիպում։ Եթե ամփոփենք այդ հանդիպման ժամանակ հնչած բոլոր կարծիքները, ապա գլխավոր եզրակացությունը հետևյալն էր․

1․ պետք է կազմակերպվի խորհուրդ, որում ներկայացված կլինեն հասարակական-քաղաքական հնարավորինս լայն շերտեր։

2․ Այդ խորհուրդը պետք է ունենա քաղաքական պլատֆորմ, թե ինչպես է պատկերացնում ներկա վիճակից դուրս գալու ելքերը և ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան, որի հիման վրա կձևակերպի և կհրապարակի հռչակագիր։

3․ Գործող կոմիտեն իր լիազորութունները պետք է վայր դնի, և խորհուրդը քվեարկության միջոցով պետք է ձևավորի նոր գործադիր մարմին-կոմիտե։ Եվ այդ նոր կոմիտեն, ունենալով արդեն լայն ներգրավվածություն, լեգիտիմ կլինի ընդդիմադիր դաշտում և վստահություն կվայելի ժողովրդի կողմից։ Այս ամենից հետո խորհուրդը, կոմիտեի հետ միասին, կհռչակի շարժման սկիզբ, և կսկսեն ձևավորվել կառույցներ տարբեր բնակավայրերում ու հիմնարկություններում։

Խորհուրդը նաև պետք է ապահովի ցանցային համագործակցութուն արդեն գոյություն ունեցող և նոր ձևավորվող երիտասարդական տարբեր կազմակերպությունների հետ։

Այժմ կոմիտեն այդ եզրակացությունների հիման վրա փորձում է իրականացնել այդ ծրագիրը։

Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր նպատակների համար օգտագործում է հսկայական պետական մեքենան, և մեքենայի դեմ միայն պոռթկումներով ու էմոցիաներով հնարավոր չէ պայքարել։ Մեքենայի դեմ պետք է լինի մեքենա՝ լավ կազմակերպված, հզոր մեքենա։

Եթե դա չլինի, ապա ցանկացած պոռթկում դատապարտված է ձախողման»:

  • Կիսվել: