շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արման Եղոյանն ընդունել է Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ այցելած՝ Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Արման Եղոյանն ընդունել է Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ այցելած՝ Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը:

Թեև ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ հույն խորհրդարանականներն առաջին անգամ են այցելել Ազգային ժողով:

Հանդիպմանը, որին ներկա են եղել ծրագրի՝ Հունաստանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարներ Էլենի Կանելոպուլուն և Մարի Մանուկյանը, կողմերը քննարկել են վերջին տասը ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, գնահատել Ազգային ժողովի աշխատակազմի կարիքները, նախանշել հետագա անելիքներն ու վերապատրաստումների թեմատիկ ուղղությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ կազմակերպել ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառում, որին ներկա կլինեն պատգամավորներ Հունաստանի և Հայաստանի խորհրդարաններից, բարձրաստիճան ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանից, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից և այլ փոխկապակցված կառույցներից:

  • Կիսվել: