կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արման Եղոյանի և ադրբեջանցի պատգամավորի բանավեճը Երևանում՝ «Եվրանեսթի» նիստում (տեսանյութ)

Արման Եղոյանի և ադրբեջանցի պատգամավորի բանավեճը Երևանում՝ «Եվրանեսթի» նիստում (տեսանյութ)

ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների ելույթներին Երևանում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին, նկատեց, որ Բաքվի պնդումները, թե Ադրբեջանը հանդիսանում է բազմամշակութային երկիր, չի համապատասխանում իրականությանը։

«Ուզում եմ հասկանալ, եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, ապա ո՞ւր են այն 500 հազար հայերը, որոնք բնակվում էին Բաքվում և Սումգայիթում, ինչո՞ւ նրանք չկան։ Ադրբեջանը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է փոխի հայկական եկեղեցիների վրայի գրառումները՝ դարձնելով այն ալբանական։ Ես, իհարկե, լավ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը», - նշել է նա՝ հավելելով, որ Արցախի մշակութային ժառանգությունն արժանանալու է Նախիջևանի խաչքարերի ոչնչացման ճակատագրին։

Եղոյանի ելույթին պատասխանել է նիստին մասնակից ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը։

«Մենք չենք ուզում պատերազմ, երբեք չենք ուզել, այդ պատճառով 30 տարի սպասել ենք հակամարտության խաղաղ լուծմանը։ Մենք միշտ գործել ենք ՄԱԿ-ի բանաձևերին հետևելով»,- նշեց ադրբեջանցի պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։

Նա նշեց, որ իրենք Հայաստանում հյուր են, ուզում են մեծ շնորհակալություն հայտնել Հայաստանում իրենց գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար։

«Հույս ունենք ձեր երկրի հետ պահել ջերմ հարաբերությունները»,- ասաց Սոլթան Մամեդովը։

Նա նշել է, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Հայաստան երկու երկրների հարաբերությունների ջերմացման սկզբի նշան է։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

  • Կիսվել: