ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արման Բաբաջանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացիների  վերադարձի հարցը

Արման Բաբաջանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցը

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և ՂՄ անդամ Անի Եղիազարյանը հանդիպեցին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ:

Հանդիպման միակ նպատակը Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացիներին շուտափույթ վերադարձնելն էր։

Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի համար սույն խնդրի հիմնարար լուծումը արտաքին քաղաքական և ներքին քաղաքական օրակարգի թիվ մեկ հիմնահարցն է։ Հանդիպմանը կարևորվեց Գերմանիայի՝ որպես ԵՄ ազդեցիկ երկրի դերակատարության կարևորությունը նշյալ խնդրում։

Հանդիպման ընթացքում դեսպան Բանցհաֆի հետ քննարկվեց նաև Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու կարևորությունը։

Դեսպանը հետաքրքրվեց նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, ինչպես նաև սփյուռքի դերակատարության մասին հարցերի վերաբերյալ «Հանուն Հանրապետության» կուսակցության դիրքորոշման մասին։ Մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն հայտնեց ակտիվ շփումների մեջ մնալ «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ։

  • Կիսվել: