Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն ազգային անվտանգության սպառնալիք է. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, հյուրընկալվելով «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարին, նշել է, որ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք, գրում է Tert.am-ը:
«Վարչապետն ինչպես միշտ անում է իրեն բնորոշ հակասական հայտարարություններ․ մոտ 6 ամիս առաջ՝ դեկտեմբերի 20-ին, ազգային անվտանգության ծառայողի օրը վարչապետը ելույթ ունեցավ և բարձր գնահատեց ԱԱԾ աշխատանքը, որից հետո, երկու օր առաջ, երբ ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին, ասաց, որ պետք է փոխվի աշխատանքի ոճը։ Ոչ մի անձնական բան չունենալով Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, մի գնահատական տամ նրա նշանակմանը․ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։
Մարդ, որը չունի կառավարման, անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկության, պետք է արագ և օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։ ԱԱԾ-ն միայն տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործութունների դեմ պայքարը չէ»,– ասել է Արթուր Վանեցյան՝ հավելելով, որ ԱԱԾ–ն ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունը, հակահետախուզությունը, դրա համար պետք է ունենալ մասնագիտական երկարամյա փորձ և հմտություններ։
Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ակտիվիստների դիտարկումներին, թե համակարգի դրսից երիտասարդ կադրի նշանակումով ռուսական ազդեցությունը մեր ԱԱԾ-ի վրա շեշտակի կնվազի, Արթուր Վանեցյանն ասել է, որ համաձայն չէ այդ պնդմանը։
«ՀՀ ԱԱԾ-ի վրա երբևիցե չի եղել Ռուսական ազդեցություն։ Դրանք կեղծ պնդումներ են։ Քաղաքացիական հասարակություն ասելով՝ պետք չէ մատնանշել մի քանի հոգու։ Դրանք տարբեր հիմնադրամներից, տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանում հակառուսական քարոզչություն տանելու համար։ Նրանցից շատերը այսօր իշխանության մեջ են։ Եվ դա կեղծ պնդում է, նրանք ուղղակի կատարում են իրենց պատվիրատուների հանձնարարությունը», ասել է Արթուր Վանեցյանը։
Հաղորդման վարող Աննա Իսրայելյանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անցնող երկու տարին բավարար ժամանակաշրջան էր, որպեսզի ԱԱԾ-ն դիրքավորվեր «Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության» հանդեպ, և հարցրել, թե արդյո՞ք ԱԱԾ-ն չպետք է լինի ապաքաղաքական մարմին, ԱԱԾ նախկին ղեկավարն ասել է․
«Միանգամայն ճիշտ եք։ ԱԱԾ-ն պետք է լինի քաղաքականությունից դուրս, այն եթե սկսեց ծառայել օրվա իշխանությանը, մենք կունենանք լրջագույն խնդիրներ։ Իմ՝ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակ և առհասարակ, գործել եմ բացառապես օրենքների և իմ լիազորության շրջանակում։ Այսօր Հայաստանը չունի ԱԱԾ, այդ ծառայության տնօրենը, ինչպես և ոստիկանության և մյուս կառույցների ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա անմիջականորեն խառնվում է այդ մարմինների գործերին։ Չի կարող վարչապետն այդքան խորը մտնել և ցուցումներ տալ։ Այո, առաջ եղել է, բայց հենց այդ պատճառով էին 2018թ․ մարդիկ դուրս գալիս փողոց։ Հրապարակային հանձնարարություններ, որոնք ուղղակի աբսուրդի ժանրից են․ գազալցակայանների ՀԴՄ կտորնների ստուգում և այլն։ Շատ եմ ցավում ԱԱԾ-ի համար, իմ նախկին գործընկերների համար, ԱԱԾ-ում աշխատող մարդկանց մեծ մասը, հավատացեք, հայրենասեր և ազնիվ մարդիկ են։ Այսօր ԱԱԾ-ն Փաշինյանը փորձում է սարքել իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։ Համոզված եմ, որ իմ նախկին գործընկերները կփորձեն զերծ մնալ այդ պրոցեսից»։