ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արեւմուտքը Հայաստանին պարտադրում է որոշում կայացնել․ «Հրապարակ»

Արեւմուտքը Հայաստանին պարտադրում է որոշում կայացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում խոսում են, որ ԱՄՆ-ից ճնշումներ կան ՀՀ իշխանությունների նկատմամբ` հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիրը ստորագրելու հետ կապված: Անգամ նշվում է, որ մինչեւ մայիսի վերջը պետք է դրա նախնական տարբերակին կողմերը հավանություն տան, եւ որ պայմանագրի, այսպես կոչված, սեւագիր տարբերակն օրերս Հայաստան է բերել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, ով հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա մեկնեց նաեւ Ադրբեջան։ 

Փաստաթղթի բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն կան տեղեկություններ, որ այն բոլորովին չի բխում Հայաստանի եւ Արցախի շահերից։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք շաբաթներ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե մի քանի ամիս առաջ առաջարկներ ենք ուղարկել Հայաստանին եւ արձագանք չենք ստացել, ինչը խոսում է այն մասին, որ այդ առաջարկներն այնքան վատն են, որ անգամ Նիկոլ Փաշինյանը դրանց չի համաձայնում:

Արեւմուտքի այս շտապողականությունը թերեւս պայմանավորված է նրանով, որ նրանք ուզում են ուկրաինական ճակատում բեկում մտցնել եւ Ռուսաստանին վերջնականապես պարտության մատնել: Եվ Ռուսաստանին անկյուն մղելու ուղիներից մեկը ՌԴ-ն մեր տարածաշրջանից վտարելն է ու Հայաստանի իշխանությունների նկատմամբ այնպիսի մեծ ճնշում գործադրելը, որ մի կողմից Հայաստանը խստորեն պահպանի տնտեսական սանկցիաների պահանջը՝ Ռուսաստանին չօգնի շրջանցել այդ սանկցիաները, մյուս կողմից` ռուս խաղաղապահներին հեռացնի Արցախից եւ Հայաստանից։ 

Եվ Արեւմուտքի պարտադրած խաղաղության պայմանագիրն այդ նպատակին հասնելու ուղիներից մեկն է: Արեւմուտքը նաեւ տեսնում է, որ ՀՀ արտաքին առեւտրի շրջանառության կտրուկ աճը, բյուջեի լրացուցիչ եկամուտները բացառապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ են պայմանավորված, այսինքն` Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի կողմից շրջանցելու փաստով։ 

Հիմա, այսպես ասած, Հայաստանին որոշել են դնել մամլիչի տակ եւ ստիպել, որ ե՛ւ քաղաքական քայլ անի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով, ե՛ւ Ռուսաստան «զուգահեռ արտահանումը» դադարեցնի:
Մարտի սկզբներին Եվրամիության սահմանած պատժամիջոցների նորանշանակ ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստանին մոտ գտնվող երկրների հետ, այդ թվում` Հայաստանի, առեւտրի զգալի աճը հարցեր է առաջացնում։ Հարցերը վերաբերում են նրան, թե արդյո՞ք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներն այլ երկրների միջոցով չեն մտնում Ռուսաստան, ինչն էլ հանգեցրել է ռուսական շուկայում այդ երկրների արտահանման այդպիսի կտրուկ աճին եւ օգնել է, որ Ռուսաստանը շնչահեղձ չլինի ու դիմանա այդ սանկցիաների ճնշմանը։

Պատժամիջոցների սահմանումից հետո Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից եւ Մեծ Բրիտանիայից արտահանումները դեպի Ռուսաստան ավելի քան կիսով չափ կրճատվել են։ Բայց դրան զուգահեռ, Եվրոպայից ու ԱՄՆ-ից դեպի Հայաստան ներմուծումների կտրուկ աճ է արձանագրվել, կրկնապատկվել են արտահանումները դեպի Ռուսաստան։ Եվ եթե Արեւմուտքը հանդուրժում է` աչք է փակում Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով էներգակիրների` Ռուսաստանից արտահանման փաստի վրա, քանի որ դա իր շահերից է բխում, ապա չի պատրաստվում աչք փակել արտահանման այն չնչին ծավալների վրա, որ Հայաստանի միջոցով Ռուսաստան են հասնում, որովհետեւ այս պարագայում անմիջականորեն իր շահերը չեն շոշափվում: Իսկ հայ ժողովրդի եւ Հայաստան պետության շահերի վրա նրանք թքած ունեն:

Արեւմտյան տարբեր պաշտոնյաների հաճախացած այցերը Հայաստան վկայում են այն մասին, որ մեր` մանեւրելու ժամանակն ավարտված է, եւ Նիկոլ Փաշինյանին պարտադրում են հստակ եւ արագ որոշում կայացնել: 
Կնքել պայմանագիրը եւ դադարեցնել քաղաքական ու առեւտրատնտեսական հարաբերությունները պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի հետ։

Դիցուք, ապրիլի 20-ին Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին, ապրիլի 18-ին՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, ապրիլի 7-ին՝ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:

Իսկ շաբաթներ առաջ The New York Times ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածում նշվում է, որ Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է ռազմական նշանակության մի շարք ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի եւ Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները։ Պարբերականը վկայակոչում է ԱՄՆ հարկային ծառայության եւ առեւտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված նյութերը։ Ըստ հրապարակման՝ ներկրված սարքավորումները կարեւոր նշանակություն ունեն Ռուսաստանի ռազմական արդյունաբերության, մասնավորապես՝ հրթիռների արտադրության համար։ 

Արեւմուտքից եկած էմիսարները կարմիր քարտ են ցույց տվել Նիկոլ Փաշինյանին` պարտադրելով կոշտ հակառուսական քաղաքականություն վարել` ջերմացնելով շփումներն Արեւմուտքի հետ: Թերեւս նաեւ կառավարության երեկվա նիստում Փաշինյանի արած հայտարարություններն են դրա մասին վկայում` նա ասել է. «Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը: Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, եւ սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում: Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»: 

Նշենք նաեւ, որ երեկ երեկոյան Ադրբեջանի արտգործնախարարը Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն ԱՄՆ-ում, ըստ ամենայնի՝ փորձելու են արտգործնախարարների մակարդակով նախ ճշգրտել կողմերի դիրքորոշումները՝ առաջարկված փաստաթղթի վերաբերյալ։ Ուշագրավ է, որ արեւմտյան պաշտոնյաների այցելություններից  եւ ՌԴ նախագահ Պուտինի հետ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո նախօրեին Հ1-ի եթեր գնացած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի շարք հակառուսական հայտարարություններով հանդես եկավ` Ռուսաստանին մեղադրելով ոչ միայն այսօրվա անվտանգային ճգնաժամի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, այլեւ 44-օրյա պատերազմի հրահրման մեջ:

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում

  • Կիսվել: