երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով. փոխնախարարը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

Արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով. փոխնախարարը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններն արդյունավետ փուլ է համարում՝ հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով, դեռ կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկեն մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը:

Հովհաննիսյանն այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սոթքի ուղղությամբ մայիսի 11-ին ադրբեջանական հերթական սադրանքի նպատակն է  զրոյացնել Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում արձանագրված առաջընթացը:

Իսկ թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ դա վերաբերվում է երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ ավելի լավ պատկերացումներ ստանալուն:

«Դա արվեց: Ամերիկյան կողմը հնարավորն արեց, որ ստեղծվի դրական մթնոլորտ: Իսկապես արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնելու դիրքորոշումները: Իհարկե, կան մի շարք կարևորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, կլինեն այլ հանդիպումներ ևս»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով` մոսկովյան հանդիպումն ինչ-որ չափով կլինի Վաշինգտոնում բանակցությունների տրամաբանական շարունակությունը, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր ֆորմատ ունի իր յուրահատկությունը։

Անդրադառնալով  Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային՝ Հովհաննիսյանը նշեց, որ դա Ադրբեջանի կողմից նոր գործելաոճ չէ:

«1995 թվականից ԱԳՆ համակարգում եմ և չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո: Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ գնահատականը տրվել է թե ԱԳՆ-ի, թե վարչապետի հայտարարություններով:

  • Կիսվել: