ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արդյոք սահմանու՞մ է հարցը լուծվում, իհարկե ո՛չ. Զոհրաբյան

Արդյոք սահմանու՞մ է հարցը լուծվում, իհարկե ո՛չ. Զոհրաբյան

Հավաքների ազատության մասին օրենքը հստակ սահմանում է` երբ հավաքը օրինական չէ, ոստիկանությունը պետք է հավաքի կազմակերպչին պահանջ ներկայացնի, տա ողջամիտ ժամկետ, և այդ ժամկետում բողոքի ակցիան չդադարեցնելու դեպքում 2 անգամ բարձրախոսով հայտարարի, նոր անցնի ֆիզիկական ուժի կիրառման։ Այսօր Նալբանդյան փողոցի վրա ոստիկանությունը, առանց բարևելու, առանց որևէ խոսք ասելու միանգամից ֆիզիկական ուժ կիրառեց: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը՝ խոսելով այսօր ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մասին:

Զոհրաբյանը ընդգծեց, որ ոստիկանության զեկուցագրում ներկայացվածը և իրենց գործողությունները հակասում են միմյանց.

Անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին` նա ասաց. ՛՛Մեզ ասում են` գնացեք սահման, ինչ եք հրապարակում կանգնել։ Ուզում եմ ձեզ հարցնել` արդյոք սահմանու՞մ է հարցը լուծվում, իհարկե ո'չ։ Մենք գնացինք սահման, եթե մեզ չեն զինելու, եթե Կառավարության շենքում նստած մարդիկ փողկապներով ստորագրելով հետքաշվելու հրաման են տալու, սահմանում կանգնած զինվորը կամ կամավորը ի՞նչ պետք է անի։ Հարցը լուծելու տեղը այս հարթակն է, իսկ այն մարդիկ, ովքեր մեզ սահման են ուղարկում, մեզ շեղում են մեր հիմնական օրակարգից։ Մենք եկել ենք ՛՛ձկան գլխի՛՛ մոտ և այստեղ ենք ուզում հարցը լուծել՛՛։

Զոհրաբյանը նշեց, որ անկախ այն ամենից, որ այս հարթակում հավաքվել են տարբեր հետագիծ ունեցող մարդիկ, այնուամենայնիվ՝ պետք է հետամուտ լինել միասնականության գաղափարին։

«Չենք կարող բացի այս իշխանության պատասխանատու անձանցից, մերժել այլ ուժի, եթե իրենք ուզում են հայրենիքի փրկության համար ոտքի կանգնել։ Անկախ նրանից` մեր քաղաքացիների մի մասը իրենց սիրում է, թե չէ։ Եթե բոլորով խորտակվենք` ինչ տարբերություն սիրելու եք, թե չեք սիրելու։ Միասնականությամբ պետք է կարողանանք այս վիճակից դուրս գալ, և լուծենք երկրի անվտանգության հարցը»,- ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

 

  • Կիսվել: