Արդարացման խնդիր չէ, իհարկե, ունենք բացթողումներ․ Արտակ Դավթյանը՝ բանակում ծառայության մասին
Արդարացման խնդիր չէ, իհարկե, ունենք բացթողումներ, բայց երբ հրապարկում են, թե ոչ մեկ իրենց տեղում չէ և այլ մեղադրանքներ, պետք է ասեմ՝ մենք էլ ենք տեսնում այդ խնդիրները, ավելի լավ ենք գիտակցում բոլոր խնդիրները, որոնք կան զինված ուժերում։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` անդրադառնալով ՀՀ ԶՈւ-երում ինքնասպանություններին:
«Յուրաքանչյուր զարգացած բանակում, որն ինչ-որ ձևով խնդիր է կատարում, լինի Ֆրանսիայինը, ԱՄՆ-ինը, անպայման ինքնասպանություններ լինում են, կարող եք վերցնել ինքնասպանությունների քանակն այդ երկրների բանակներում և համեմատել»,- ասաց Արտակ Դավթյանը:
Հարցին՝ նախորդ տարի էլ խաղաղ պայմաններում ավելի շատ զինվոր է զոհվել, քան հակառակորդի կրակոցից, սա նրան հիմք չի՞ տալիս փոփոխություններ անելու, Դավթյանը պատասխանեց.
«Ի՞նչ եք առաջարկում, հակառակորդի կողմից ավելացնե՞նք, ասե՞նք՝ խնդրենք հակառակորդ արեք սպանե՞ք: Գործ է արվել այդ ուղղության վրա և քանակը նվազել է: Ինչո՞ւ եք միայն դա նշում, նույն ավտովթարներից քանակի նվազում ունենք, ականների վրա պայթյունից պակաս ունենք, 2018-ին 2019-ի համեմատ ինքնասպանության և ինքնասպանության փորձերի քանակն է մնացել նույնը»:
«Բա, որ քիչ են զոհերը, ասենք շա՞տ է: Մեր նպատակն է, որ ընդհանարապես չունենանք զոհ, ինքնասպանություն, մենք ուզում ենք դա, եթե ձևը բոլորդ գիտեք, եկեք աշխատենք և ձևը գտնենք»,- նշեց նա՝ հիշեցնելով վարչապետի հայտարարությունը, որ անցած տարի ամենաքիչ զոհերն ենք ունեցել։
Դիտարկմանը՝ վերջերս բանակում խաղաղ պայմաններում մահացած Վահրամ Ավագյանի ծնողները բարձրաձայնել են, որ ամիսներ շարունակ բռնություն է գործադրվել իր նկատմամբ, ինչպե՞ս է սա տեղի ունեցել, Դավթյանը պատասխանեց․
«Բոլոր դեպքերով ընթանում են իրավական գործընթացներ, նախաքննություններ, քրեական գործեր կան և որևէ բան հիմա մեկնաբանելը իմ կողմից ճիշտ չի լինի: Բոլոր հարցերով դատարանը պետք է դնի վերջակետը, այդ ժամանակ կարող եմ մեկնաբանել ամեն ինչ»,- շեշտեց Դավթյանը: