կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախն իմ ոգեշնչման աղբյուրն է․ Աննա Աստվածատուրյան Թերքոթը հայրենիքում է` ծանոթանալու աջակցության ծրագրերի ընթացքին

Արցախն իմ ոգեշնչման աղբյուրն է․ Աննա Աստվածատուրյան Թերքոթը հայրենիքում է` ծանոթանալու աջակցության ծրագրերի ընթացքին

 Մշտապես Հայաստանի ու Արցախի կողքին գտնվող ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկի քաղխորհրդի ընտրված նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը հայրենիքում է՝ ոչ միայն ծանոթանալու իր նախաձեռնությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին, այլև  ստանալու երկար սպասված ՀՀ անձնագիրը։ Աննա Աստվածատուրյան Թերքոթը ստացել է ՀՀ քաղաքացիություն։

«Մեկ տարի առաջ էի դիմել, անհամբեր սպասում էի այս օրվան։ Ինձ ասացին, որ անձնագիրը ստանալու համար պետք է անձամբ ներկայանամ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն։ Ահա ես այստեղ եմ՝ վերցնելու իմ անձնագիրը, ինչը շատ ուրախալի ու կարևոր իրադարձություն է ինձ համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աննա Աստվածատուրյանը։

Աննան Հայաստանում է՝ նաև ծանոթանալու «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին, ինչպես նաև տեղեկանալու, թե Հայաստանում ու Արցախում ինչ ուղղություններով աջակցության ծրագրերի կարիք կա։ Այդ նպատակով նրա այցելությունների ծրագրում են Թալին, Գյումրի, Խնձորեսկ, Գորիս համայնքները, ինչպես նաև Արցախը։ Ընթացիկ տարվա հունիսի 1-ին Արցախում մեկնարկել է հիմնադրամի «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը: Այն իրականություն է դարձել Սփյուռքում և Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների ջանքերով: Ծրագրի շրջանակում Արցախում արդեն շուրջ 200 նորածնի ընտանիքի տրամադրվել է նվեր-արկղ։ 

«Արցախից տեղեկություն ստացվեց այն մասին, որ պատերազմից հետո ծնունդների թիվը նկատելի ավելացել է։ Մինչ այդ էլ քննարկում էինք, թե ինչպես օգնենք ընտանիքներին, որոշեցինք հունիսի 1-ից յուրաքանչյուր նորածնի ընտանիքին փոխանցել նվեր-արկղ, որը պարունակում է 25 կտոր ապրանք՝ հագուստ, բժշկական ու խնամքի պարագաներ՝ նախատեսված մայրիկի ու երեխայի համար, խաղալիքներ, գրքեր և այլն։ Մեր հայրենակիցները պատերազմից հետո շարունակում են ապրել Արցախում, երեխաներ ունենալ, ինչը շատ կարևոր է։ Եվ մենք պետք է օգնենք մայրիկներին։ Ինքս մայր եմ և շատ լավ պատկերացնում եմ, թե սկզբնական շրջանում ինչ դժվար է։ Եվ ահա որոշեցինք անհրաժեշտ պարագաներով նվեր-արկղ տրամադրել»,-պատմում է Աննան։

Առաջիկա օրերին Արցախ սպասվող այցի շրջանակում Աննան առաջինը նախատեսում է տեսակցել փոքրիկներին, նրանց ծնողներին։ Այնուհետև սպասվում են հանդիպումներ տեղի պաշտոնյաների հետ։ Աննան ընդգծում է, որ շատ կարևոր է հասկանալ, թե որ ուղղություններով են անհրաժեշտ աջակցության ծրագրերը։

«Մեր հայրենակիցները ծրագրին մասնակցում են ֆինանսապես, իսկ արկղի պարագաները գնվում կամ պատվիրվում են հայրենիքում ու տրամադրվում են Արցախի նորածինների ընտանիքներին։ Նպատակն այն է, որը գումարը շրջանառվի այստեղ, ստացված արդյունքով էլ աջակցենք Արցախի մեր հայրենակիցներին։ Ասեմ, որ արկղում տեղ գտած ապրանքները որակապես լավն են, արդեն մայրիկներն արձագանքել են ու իրենց գոհունակությունն են հայտնել։ Ի դեպ, սփյուռքի մեր հայրենակիցներից շատերին նույնպես դուր են եկել այդ ապրանքները, շատերը ցանկություն են հայտնել ձեռք բերել։ Այսպիսի հետաքրքիր շղթա է ստացվում»,-ասաց Աննա Աստվածատուրյանը։

Անդրադառնալով Արցախում սպասվող հանդիպումներին՝ Աննա Աստվածատուրյանը նշեց, որ այն կարևոր է տեղեկություն հավաքագրելու տեսանկյունից։ Աննան նկատեց, որ սփյուռքում Արցախի հետ կապված ինֆորմացիայի պակաս կա։ Գրեթե չկա տեղեկություն, թե ինչ է կատարվում Արցախում, չեն հասկանում, թե ինչ է լինելու հետո։  

«Ես հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչ զարգացումներ կան, որ ներկայացնեմ սփյուռքում։ Շատերն այնտեղ սպասում են Արցախում հստակեցումներ լինեն, նոր սկսեն աջակցել։ Իհարկե, հասկանում ենք, որ ամենակարևորն Արցախի անվտանգությունն է։ Առանց դրա հնարավոր չէ օգնել՝ զարգացնել տնտեսությունը, տներ կառուցել, բիզնեսը զարգացնել, կրթական ծրագրեր իրականացնել։  Ես փորձում եմ բացատրել, որ նույնիսկ եթե հիմա ոչ հասկանալի իրավիճակ է, միևնույն է՝ այնտեղ հայերն ապրում են ու աջակցության կարիք ունեն, նոր սերունդ է ծնվում։  Այնտեղ ապրող մարդիկ արժանի են ավելիին»,-ասաց Աննան Աստվածատուրյանն՝ ընդգծելով, որ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում լինել փախստական, կորցնել հայրենիքն ու ամեն ինչ։ Չէ՞ որ տարիներ առաջ, ապրելով Բաքվում, ինքն ու իր ընտանիքն անցան նման զարգացումների միջով։ Նա Ադրբեջանում հայկական ջարդերի ականատեսներից է: Նրա մանկության այդ փուլն ուղեկցվել է վախի, սարսափի զգացողություններով:

Հարցին, թե նման դժվարությունների միջով անցած Աննան ի՞նչ ուղերձ է փոխանցում Արցախի բնակիչներին, բնակավայրերը կորցրած, փախստական դարձած, պատերազմի միջով անցած արցախցիներին, պատասխանեց.

«Փոխանցում եմ ամենակարևորը՝ ցանկացած պարագայում միմյանց օգնել։ Մենք Հայաստանում մտածում ենք, որ դրսում ինչ-որ մեկը կտեսնի, կհասկանա մեր ցավը և կօգնի։ Իմ ուղերձն այն է, որ մենք՝ ինքներս, պետք է այդ ճանապարհը գտնենք՝ օգնելով միմյանց։ Ինձ համար շատ կարևոր է նրանց հետ շփումը։ Արցախն ու արցախցիներն ինձ համար ոգեշնչման աղբյուր են։ Ես երբ գնում եմ Արցախ, մեծ էներգիա եմ ստանում, նոր գաղափարներ են առաջանում։ Հիմա կարևոր է, որ «Սեր Արցախ» ծրագրի շարունակությունն ապահովենք։ Որքան շատ մարդ տեղյակ լինի ծրագրից, այնքան շատ աջակցողներ կգտնվեն։

  • Կիսվել: