ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի նախագահը որ խնդրում էր, ասում էր՝ եկեք հասեք, կանգնեք, կորցնում ենք Շուշին, բա էդ ժամանակ ասեիք՝ Շուշին պիտի հետ բերենք․ Սարգսյան

Արցախի նախագահը որ խնդրում էր, ասում էր՝ եկեք հասեք, կանգնեք, կորցնում ենք Շուշին, բա էդ ժամանակ ասեիք՝ Շուշին պիտի հետ բերենք․ Սարգսյան

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը միջադեպից հետո շարունակեց իր ելույթը, խոսելով բանակում տեղի ունեցած իրադարձությունների մասին նախկին իշխանությունների ժամանակ ։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում թեժ մթնոլորտ է` մի քանի անգամ իրարանցում ու քաշքշուկ տեղի ունեցավ իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։

«Ես ցանկանում եմ նշել, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Ես, պատասխանելով մեր ընդդիմադիր գործընկերների վերջին երկու օրվա ընթացքում հնչող մեղադրանքներին, մեր քաղաքական թիմի ու վարչապետի հասցեին, ակնարկ արեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում։ Եվ թվերով մանրամասն նշեցի, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, որոնց խմբակցություններն այստեղ նստած են և փորձում են ամբողջ մեղքը բարդել հեղափոխության վրա, նշեցի, որ մինչև հեղափոխությունը Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիսբալանսը գնալով աճել է։ Այդ իմ ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց՝ «դուք բանակը քանդել եք», որին ի պատասխան ես հայտարարեցի, որ բոլոր այն ՊՆ նախարարները, ովքեր փողով կամ զանգով մարդ են բանակից ազատել, նրանք դավաճաններ են։ Ի պատասխան Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց իմ ուղղությամբ և ասաց՝ դավաճանները դուք եք»։

ՔՊ պատգամավորը նշեց՝ բոլորը գիտեն, որ փողով մարդիկ են ազատվել բանակից, տարբեր պաշտպանության նախարարների ժամանակ դրույքաչափերը տարբեր են եղել։

«Դա Հայաստանի պատմության մեջ եղել է փաստ, ոչ միայն փողով ազատելը, այլ նաև փողով պաշտոնի նշանակելը, փողով կորպուսի հրամանատար նշանակելը, կոչում տալը, փողով ռազմական ոստիկանությունում ծառայության անցնելը։ Սա փաստ է եղել, որի մասին բոլորը գիտեն։ Ու դա է եղել բանակը քանդողը, ողնաշարից ջարդողը, որ բանակում ծառայելը սպայի համար եղել է ոչ հեռանկարային։ Բազմաթիվ սպաներ ասում են՝ եթե դու սրա-նրա բարեկամը չես, չես կարա աճես, դառնաս գնդի հրամանատար, հետո կորպուստի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատար։ Էլ չհաշված, որ բազմաթիվ գնդի ու կորպուսի հրամանատարներ զինվորի հաշվին խոզ են պահել, հարստացել են, վաճառել են, տենդերներով վատ բատինկաներ են գնել, գումարներ են աշխատել, գնացել կազինոներ են առել։ Կազինոներում գնացել խաղացել են, իրենց համար դղյակներ են սարքել։ Դա բոլորը գիտեն, փաստ է, ժողովուրդը իր գնահատականը տվել է ընտրությունների ժամանակ։ Մեր վարչապետի որդին, մեր մարզպետների որդիները ծառայել են և պատերազմին մասնակցություն են ունեցել, եղել են ամենակատաղի մարտերում»,- հավելեց նա։

Ըստ Հայկ Սարգսյանի՝ սոցիալական ցանցերում հայրենասեր երևալու համար հայտարարություններ են արվում, որ պետք է Շուշին հետ բերել․

«Ուրեմն պաշտոնապես ասում եմ՝ ով Շուշիի մարտերին չի մասնակցել կամ փախել ա, ներգրավված չի եղել Շուշիի ինքնապաշտպանությանը, իրավունք չունի ասել՝ պիտի Շուշին հետ բերել։ Էդ ումո՞վ եք հետ բերում, որ այնտեղ կանգնած չես եղել, քո տղային չես ուղարկել, էսօր ստատուս ես գրում, որ Շուշին պիտի հետ բերենք։ Բա Արցախի նախագահը որ խնդրում էր, ասում էր՝ եկեք հասեք, կանգնեք, կորցնում ենք Շուշին, բա էդ ժամանակ ասեիք՝ Շուշին պիտի հետ բերենք»։

Անդրադառնալով ՀՕՊ համակարգի վերաբերյալ թեմաներին՝ Հայկ Սարգսյանը հավելեց․ «Բա էն մարդը, ով 30 մլն դոլար է տալիս ու ՀՕՊ զենք է գնում, որը չի աշխատում, նա դավաճան է։ Էդքան ասում են՝ օդը փակեք, օդը խի չի փակվել, եթե էդ 30 մլն դոլարանոց ՀՕՊ տեխնիկան աշխատեր, օդը որոշ չափով կփակվեր։ Բա դավաճանություն է դա։ Ես չեմ անձնավորում, ես մեղավոր չեմ, որ մարդիկ իրենց վրա են վերցնում որոշ բաներ»։

Անդրադառնալով ՀՅԴ անդամների հայտարարություններին՝ Հայկ Սարգսյանն ասաց․

«Պաշտոնապես ասում եմ, որ Դաշնակցության գրասենյակի դիմաց նոյեմբերի 9-ի գիշերը հավաքվել են, մեծ խումբ են կազմել, եկել մտել են կառավարության շենք։ Եթե հիմա այդպես հարցական աչքերով նայում եք, կարամ կադրերը դնեմ նայենք»։

  • Կիսվել: