հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուները Դաշնակցության նկատմամբ հակաքարոզչություն չեն իրականացնում․ Դավիթ Իշխանյան

Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուները Դաշնակցության նկատմամբ հակաքարոզչություն չեն իրականացնում․ Դավիթ Իշխանյան

Արցախի նախագահական, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը քարոզարշավն անցկացնում է իր գաղափարներին ու սկզբունքներին հավատարիմ, InfoPort.am-ի հետ զրույցում հայտարարեց Հ. Յ. Դաշնակցության թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ մեկնաբանելով քարոզչության ընթացքը:

«Մենք մեր գաղափարական քարոզարշավն ենք անցկացնում և տեսնում ենք, որ կա որոշակի բևեռացվածություն տարբեր քաղաքական ուժերի, տարբեր թեկնածուների շուրջ համախմբված թիմերի միջև: Բայց մենք մեր քարոզարշավը շատ հանգիստ անց ենք կացնում՝ ակնկալելով ստանալու ժողովրդի վստահությունը», - հավելեց Դավիթ Իշխանյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ընտրությունների երկրորդ փուլ տեղի ունենա, դաշնակցական թեկնածուն դրական պատասխան տվեց.

«Մեր գնահատականներով երկրորդ փուլը հավանական է: Ավելի հստակ գնահատական կարող է տրվել մարտի 31-ի երեկոյան կամ ապրիլի 1-ին»:

Գնահատելով քարոզարշավը Դավիթ Իշխանյանը նշեց, որ համեմատած այլ թեկնածուների, որոնք հանրապետությունը հեղեղել են իրենց պաստառներով, իրենք այդ առումով բավականին համեստ են: Դաշնակցական թեկնածուն ընդգծեց, որ իրենց կուսակցության նկատմամբ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված մյուս 13 թեկնածուների կողմից հակաքարոզչություն չի տեսել:

«Ոչ միայն հակաքարոզչություն չենք տեսնում, այլ տեսնում ենք, որ ժողովրդի մոտ կա դաշնակցության նկատմամբ վստահությունը մեծացնելու պատրաստակամություն: Մենք տեսնում ենք, որ մեր պատասխանատվության չափաբաժինը առաջիկա տարիներին ավելի է մեծանալու՝ անկախ նրանից, թե ինչպիսի արդյունքներ ենք մենք ապահովելու», - ընդգծեց թեկնածուն:

Դավիթ Իշխանյանի խոսքով, ընտրողները ևս մտահոգ են և շատ ցանկանում են, որ դաշնակցության դերը բարձրանա Արցախի քաղաքական կյանքում:

Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներն են՝ «Անկախության Սերունդ» կուսակցությունիցէ Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցությունից` Վիտալի Բալասանյանը, Արցախի Պահպանողական կուսակցությունից` Դավիթ Բաբայաննը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից Դավիթ Իշխանյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից` Աշոտ Ղուլյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունից Հայկ Խանումյանը, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը ներկայացնում է Արայիկ Հարությունյանինը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունից` Վահան Բադասյանինը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։

  • Կիսվել: