երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման առնչությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից, հստակ մատնանշելով, որ սահմանային իրավիճակի սրացումը ադրբեջանական սադրանքի հետևանք է՝ բարեկամության խմբի անդամները չափազանց մտահոգիչ են համարել Բաքվում՝ Հայաստանի դեմ պատերազմելու կոչերով զանգվածային ցույցերը: Նրանք նաև կոչ են արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը։

«Մեկնաբանելով Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների հայտարարությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության  հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման։  Ուժեղ ենք նաև նրանով, որ մեր կողքին ունենք արդարության ջատագովներ, մարդիկ, որոնց համար սկզբունքն ավելի կարևոր է, քան կարճաժամկետ քաղաքական շահը»։

Նշենք, որ բարեկամության խումբը կազմված է տարբեր կուսակցություններ ներկայացնող Բելգիայի դաշնային և շրջանային խորհրդարանների ներկա և նախկին պատգամավորներից, մի շարք քաղաքների ավագանու անդամներից և քաղաքապետերից, ինչպես նաև դասախոսներից և հասարակական գործիչներից:

Ստորև ներկայացնում ենք Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի հայտարարության  թարգմանությունը՝

Ադբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը

Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող սրված իրավիճակով, որը 2020 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզում ադրբեջանական ռազմական սադրանքի հետևանք է: Այն արդեն հանգեցրել է ողբերգական մարդկային կորստների՝ երկու կողմերից:

Բաքվում՝ Հայաստանի դեմ պատերազմելու կոչերով զանգվածային ցույցերը չափազանց մտահոգիչ են: Ուստի անհրաժեշտ է վերադառնալ բանակցային գործընթացին  և անցնել անկեղծ  երկխոսության: Պետք է նաև վերջ տալ պատերազմապաշտական հռետորաբանությանը ու ատելության խոսքին, որը հատկապես ուժգին է Ադրբեջանում:

Կցանկանայինք նաև շեշտել վստահության ամրապնդման միջոցների կիրառման անհրաժեշտությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած  առաջարկները, ինչպիսիք են՝ դիպուկահարների դուրս բերումը շփման գծից, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի կիրառումը և ԵԱՀԿ դիտորդների դերի ընդլայնումը:

Ադրբեջանը պետք է հետևի Հայաստանի օրինակին, որն արդեն ընդունել է այս միջոցները և  կիրառի դրանք: Արցախյան հակամարտության խաղաղ լուծման համար այլընտրանք չի կարող լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: