հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի դիրքորոշումը շատ կարևոր ու էական է լինելու՝ հիմա բանակցում ենք բանակցությունների ձևաչափի մասին․ Փաշինյան

Արցախի դիրքորոշումը շատ կարևոր ու էական է լինելու՝ հիմա բանակցում ենք բանակցությունների ձևաչափի մասին․ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ բրյուսելյան հայտարարության մեջ հիշատակում չկար Ադրբեջանի 5 և Հայաստանի 6 առաջարկների մասին։

Այնինչ, Ալիևը հանդիպումից հետո հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում հիմնական դեր են խաղալու Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները։

Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ ՀՀ առաջարկած 6 սկզբունքները դուրս են մղվելու ընդհանուր օրակարգից, Փաշինյանը պատասխանեց․

«Եթե շատ անկեղծ ասեմ, շահարկումների տեղիք տված որոշ ձևակերպումներ իրականում այն մասին են, որ ՀՀ ու Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները»։

«Իրականում կա շատ կարևոր հայեցակարգային բանավեճ միջազգային հանրության շրջանում, և ես նկատում եմ, որ այդ բանավեճը հասել է նաև Հայաստանի Հանրապետություն, և քննարկում կա։ Օրինակ՝ կա հարցադրում՝ արդյոք խաղաղության պայմանագրի կամ հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, թե՞ այնուամենայնիվ ԼՂ հիմնախնդիրը պետք է տարանջատվի հարաբերությունների կարգավորման հիմնախնդրից և դիտվի որպես առանձին հարց։ Նաև այս հարցը ծագել է մեր արձագանքից, որովհետև Ադրբեջանն ասում է՝ իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն։ Մենք ասում ենք՝ դա անընդունելի չէ, ընդունելի է, որովհետև մեզ համար Ղարաբաղի հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, մենք ասում ենք՝ դա իրավունքի խնդիր է։ Եվ Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին՝ ըստ ամենայնի հենց այդ կոնտեքստն ընդգծելու համար։

Ընդդիմության ներկայացուցիչները ևս զարգացնում են այս օրակարգը, ասում են, որ հարաբերությունների կարգավորման օրակարգը պետք է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգից։ Եվ ես պիտի ասեմ, որ սա լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող դիրքորոշում և տեսակետ է։ Այս ընթացքում մենք պետք է քննարկումներ ունենանք, ընդդիմադիր մի շարք գործընկերներ հրաժարվում են այդ քննարկումներից, բայց նաև քաղաքական այլ շրջանակների հետ այդ քննարկումներն ունենում ենք։ Ընդ որում, նաև Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այնուամենայնիվ այս ճամփաբաժնին որ մարտավարական մոտեցումն է ավելի լավը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այս հարցում Արցախի դիրքորոշումը շատ կարևոր ու էական է լինելու։

«Այսօր արդեն բանակցություններ են ընթանում բանակցություններ սկսելու ձևաչափերի ու պարամետրերի մասին»,- նշեց Փաինյանը:


  • Կիսվել: