երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի, պայքարի գլխավոր զենքը՝ համազգային համախմբումը

Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի, պայքարի գլխավոր զենքը՝ համազգային համախմբումը

33 տարի առաջ այս օրը հայոց անկախ պետականության հաստատման գործընթացը սկսվեց «Միացում» գաղափարով:

1988-ին լայն թափ առած Ղարաբաղյան շարժումն այն մեկնակետն էր, որից գծվեց ազգային վերազարթոնքի եւ միասնական ապագայի ուղին։ Այդ մասին ասվում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի ուղերձում։

«Հայաստանի անկախության Հռչակագրի հիմքում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումն էր, որով փորձ էր արվել իրավական ուժ տալ հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը ի կատար ածելով հայ ազգի դարավոր երազանքը:

Անկախության երեք տասնամյակներին Հայկական երկու հանրապետությունները կրեցին հաղթանակներ ու պարտություններ, անցան տնտեսական ու սոցիալական ճգնաժամերի միջով, ստեղծեցին հիմքեր պահպանելու հայկական ինքնությունն ու Հայոց պետականությունը, ձևավորեցին պետական կառավարման ինստիտուտներ, որոնք գրանցեցին բազում հաջողություններ, բայց և զերծ չմնացին սխալներից ու ձախողումներից:

Մենք ապրեցինք անկախության բերկրանքը և զգացինք աշխարհաքաղաքական ճնշումների բեռը, առաջնորդվեցինք համամարդկային արժեքներով, բայց և բախվեցինք միջազգային հանրության անտարբերությանն ու երկակի ստանդարտների գերակայությանը միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների հանդեպ:

Այսօր էլ Անկախության համար պայքարը մեր անբաժան ուղեկիցն է և շարունակվում է ստիպելով դիմակայել նոր մարտահրավերների: Եվ այս համատեքստում առավել քան խոցելի վիճակում է հայտնվել Արցախի Հանրապետությունը, որ կերտվել է մաքառման ու սխրանքի անօրինակ ճանապարհով:

Ողջ ազգի համար Արցախը դարձել էր Հաղթանակի խորհրդանիշ և մարտահրավերներին դիմակայելու նրա արժանապատիվ ու պարզճակատ կեցվածքը հպարտություն էր պատճառում բոլորիս: Պետականակերտման մեր ուղին հարուստ էր այնպիսի փառապանծ դրվագներով, որ կերազեին շատ ու շատ ազգեր։

Երեք տասնամյակից ավելի` արյամբ ու քրտինքով շարված պետականության պատը ճեղք է տվել ու փլուզվում է աչքի առաջ:

Արցախը կորցնելու սպառնալիքն ավելի քան շոշափելի է. թշնամու կողմից հետեւողականորեն պարտադրվող մարտահրավերներին զուգահեռ, տարբեր ուժերի կողմից Ակնայի ճանապարհի գործարկման՝ Ադրբեջանի հետ ինտեգրման թեմայի գեներացումը, հումանիտար հարցերով գերխնդրի լուծումից շեղումը, ատելության խոսքի եւ ներքին հաշվեհարդարների՝ պետական մակարդակով խրախուսումը, սահմանադրական կարգի տապալման փորձերը, բարոյական նորմերի ոտնահարումը անհանդուրժելիորեն մեզ մոտեցնում են անդառնալիության կետին:

«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատը» և Շարժման հայաստանյան հարթակը, պատմական այս կարևոր հանգրվանում սթափության ու եռամիասնության պահպանության կոչ է հնչեցնում։

Մենք մեծ գին ենք վճարել մեր պապերի, հայրերի և զավակների կյանքով՝ հանուն մեր անկախության և պարտք ունենք մեր սուրբ նահատակների և գալիք սերունդների առջև՝ պայքարելու և ամենօրյա դիմակայությամբ կերտելու մեր երազանքի Հայրենիքը։

44 օրյա պատերազմում պարտության պատճառների բեռն ուսած, հետպատերազմյան դժվարությունների հաղթահարման ուղեծիրը կորցրած և թշնամու կողմից մեկուսացված Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի, Պայքարի գլխավոր զենքը՝ համազգային համախմբումը: Միայն այդպես կարելի է ապացուցել հավատարմությունը Հայաստանի անկախության հռչակագրին»։

  • Կիսվել: