ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփել  է անցած շաբաթը

Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Հունիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 998 զանգ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, տեխնածին բնույթի պատահարներից 2 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, որից մեկը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքում, մեկը՝ Մարտակերտի շրջանում: Հրդեհի վերաբերյալ մեկ ահազանգ կեղծ է եղել: Հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան:
 
ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության հետ մեկտեղ, Արցախի ամբողջ տարածքում իրականացնում է հետախուզական աշխատանքներ:
 
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 44 պայթուցիչ, 64 հրթիռ, 2 հատ արկ, ականանետի 72 ական, 65 հատ ձեռքի նռնակ:
 
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբի անձնակազմի կողմից կատարվել են դռան 9 և 3 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 10 կանչերի:
 
Ստեփանակերտի, Մարտակերտի և Ասկերանի ահազանգման կենտրոններում յոթ օրվա ընթացքում օձի հայտնաբերման վերաբերյալ 5 կանչ է գրանցվել: Փրկարարները մեկնել են կանչի վայր և թունավոր սողուններին հայտնաբերելուց հետո՝ տեղափոխել անվտանգ տարածք:
 
Շաբաթվա տարերային աղետի՝ հունիսի 25-ին տեղացած կարկուտի, ուղեկցող քամու և սելավի պատճառով, նյութական մեծ վնասներ են կրել Մարտակերտի վերին ենթաշրջանում: Կարկուտի հետևանքով մի շարք համայնքներում վնասվել են այգիներն ու գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները, տրանսպորտային միջոցներ, էլեկտրալարեր, բնակելի տներ, հասարակական նշանակության շինություններ: Վնասների չափը ճշտվում է:
 
ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումները Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ծառայություն՝ որի հիմնական նպատակն է ապահով ու անվտանգ դարձնել բնակչության կյանքն ու առօրյան:

  • Կիսվել: