ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանի նկատմամբ իրականացվող սև քարոզչությունը չի ազդում հանրային աջակցության վրա․ խոսնակ

Արայիկ Հարությունյանի նկատմամբ իրականացվող սև քարոզչությունը չի ազդում հանրային աջակցության վրա․ խոսնակ

Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի նախընտրական շտաբը ոչ ՀՀ, ոչ էլ ԱՀ ԱԱԾ-ից դեռ հստակ պատասխան չի ստացել սոցցանցերում իրենց վարկաբեկող կեղծ օգտատերերին հայտնաբերելու դիմումին։

Ինչպես InfoPort-ի թղթակցի հետ զրույցում նշեց կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, իրենց դիմումին ի պատասխան Արցախի ԱԱԾ-ից վստահեցրել են, որ քննություն է ընթանում և արդյունքնեի մասին տեղյակ կպահեն։

«ԱԱԾ-ից պաշտոնական պատասխան ենք ստացել, որ փորձելու են կեղծ օգտահաշիվների բացահայտման ու նրանց կողմից վիրավորանք չտարածելու հարցում աջակցություն ցուցաբերել։ Հուսանք՝ կստանանք այդ աջակցությունը», - նշեց Պողոսյանը։

Սակայն, ըստ խոսնակի, իրենց մոնիտորինգը ցույց է տվել, որ Արայիկ Հարությունյանի հասցեին սոցիալական ցանցերում ֆեյքերի միջոցով պարբերաբար վիրավորանք տարածողը իրենց քաղաքական մրցակիցներն են։ «Նրանք անցնում են բոլոր սահմանները՝ հաճախ անձնական վիրավորանք հասցնելով մեր թեկնածուին։ Նրանք ֆեյսբուքում, անհայտ ծագման կայքերում անձնական վիրավորանք պարունակող տեղեկություններ, նյութեր են հրապարակում։ Այնպիսի կայքերում, որոնք չունեն հետադարձ կապի հնարավորություն», - ներկայացրեց մամուլի քարտուղարը։

Այդուհանդերձ, ըստ Պողոսյանի, իրենց դեմ իրականացվող քաղաքական սև քարոզչությունը չի ազդում հանրային աջակցության վրա՝ քարոզարշավի ընթացքը խոսնակը բավարար է գնահատում, ծրագրել են այցելել Արցախի բոլոր փոքր ու մեծ համայնքները, արդեն հասցրել են լինել 91 համայնքներում, շփվել ժողովրդի հետ։ «Մարդիկ ավելի շատ հայտնում են իրենց բացասական կարծիքը նման քարոզչության վերաբերյալ։ Ավելին, հանրության շատ շերտեր համախմբվում են մեր շուրջը՝ պարոն Հարությունյանն ամենուրեք արժանանում է ջերմ ընդունելության, ինչն էլ հավաստում է, որ մեր քաղաքական թիմն ու մեր թեկնածուն ունեն բավականին մեծ հանրային աջակցություն», -ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե եթե «ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք», Պողոսյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Բալասանյանի հայտարարությունը և հավելեց․ «Դա նրա կարծիքն է։ Մենք առանձնապես որևէ վտանգ այդ առումով չենք տեսնում։ Բայց ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, եթե ընդամենը օրեր հետո լինելու են ընտրություններ, և սահմանադրական ճանապարհով Արցախում ձևավորվելու է նոր իշխանություն»։

  • Կիսվել: