հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վիկտորինի հետ. անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակին

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վիկտորինի հետ. անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակին

Օգոստոսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: 

Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը: 

Ընդգծվել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կայացած քննարկումը ևս ցույց տվեց ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան վերաբացման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատման հարցում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանն առնչվող հարցերի:

Իր խոսքում Արարատ Միրզոյանը նշել է, որ բարձր է գնահատում դեսպանի ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման գործում՝ ընդգծելով նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված կարևոր ձեռքբերումները և հանձնել ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ:

  • Կիսվել: