Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման մասին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը դրական եմ գնահատում: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Կարող եք կարդալ նաև ներկայացուցիչների՝ հանդիպումից հետո արված հայտարարությունը, որի մեջ ասվում է, որ կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, որ գործընթացի վերջնարդյունքը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է ու սահմանի բացումը: Այս պարագայում քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպմանը, բայց միաժամանակ, կարծում եմ, բոլորս էլ հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ շատ դժվար է ակնկալել, քանի որ պետք է լուծումներ տալ, տասնամյակով, գուցե 100-ամյակով կուտակված խնդիրներին»: Երրորդ հանդիպման տեղի և ժամանակի մասին որոշում չկա:
Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերին՝ Միրզոյանն ասաց, որ մասնակցության առնչությամբ դեռ որոշում չկա: «Հուսով եմ, կհամաձայնեք, որ մեր աշխարհում շատ սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և ըստ էության, անգամ նախկինում կարճաժամկետ թվացող իրադարձությունները և ժամկետներն այժմ բավական երկար են, երբ ժամկետները մոտենան՝ որոշում կկայացվի»: