երկուշաբթի, մարտ 1
1 / 3 / 2021
Երևանն ակնկալում է, որ Մինսկը կնպաստի ռազմագերիների շուտափույթ վերադարձին

Երևանն ակնկալում է, որ Մինսկը կնպաստի ռազմագերիների շուտափույթ վերադարձին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի եւ Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ; Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշել է, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին եւ այլ գերեվարված անձանց: Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը եւ կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին։

Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարեւորել է Արցախում  կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը եւ հավաստիացրել, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: