երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային Ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան և Ֆրանսուա Պուպոնին։

«Հանդիպման ընթացքում նշեցի, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին։ Հատկապես կարևորեցի ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ։

 

Քննարկեցինք թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակն Արցախում, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման և դրանում Ֆրանսիայի կարևոր դերի վերաբերյալ հարցեր։

Ֆրանսիացի խորհրդարանականները ներկայացրին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող և Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը։ 

Մեր ֆրանսիացի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության և արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ՝ փորձելով առավել հանրայնացնել խնդիրը եվրոպական տարբեր երկրներում»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահը Ֆեյսբուքի իր էջում։

  • Կիսվել: