երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առաքելյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը երաշխավորել է համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների անվտանգությունը

Առաքելյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը երաշխավորել է համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների անվտանգությունը

Ազգային ժողովի համար մեծ պատիվ է հյուրընկալելու Միջխորհրդարանական միության Երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը Երեւանում. հունվարի 29-ին ողջունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ անհամբերությամբ են սպասում երիտասարդ խորհրդարանականների համաժողովին: Նա շեշտել է, որ չի կասկածում համաժողովի՝ Երեւանում պատշաճ անցկացմանը:

Խոսելով համաժողովի մասնակիցների անվտանգությանը վերաբերող հարցերի մասին՝ Դավիթ Առաքելյանն ընդգծել է, որ Հայաստանը երաշխավորում է համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների անվտանգությունը:

Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է նաեւ, որ աշխատանքներ են իրականացնում «Կանաչ խորհրդարան» ունենալու ուղղությամբ՝ հիմք ընդունելով Միջխորհրդարանական միության կողմից մշակված ձեռնարկը:

Մարտին Չունգոնգը ողջունել է «Կանաչ խորհրդարան» ծրագիրն իրականացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ ցանկանում են ցույց տալ Հայաստանի օրինակը մյուս երկրներին: Նա այս եւ այլ ծրագրերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Երեւանում Միջխորհրդարանական միության Երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացմանը վերաբերող հարցերը:

  • Կիսվել: