ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Առանց նախապայմանների․ «Հայաստանի Հանրապետություն»

Առանց նախապայմանների․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս օրերին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման թեման։ Հարցը օրակարգային դարձավ հատկապես մայիսի 12-ին եւ 13-ին, երբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները ներթափանցեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, որից հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։

«Այս պահին երկու պետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն անհնար է սկսել: Դա կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ կստորագրվի երկկողմ պայմանագիր, որը կնախանշի խաղաղ գոյակցության փոխընդունելի պայմանները, այդ թվում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանազատման ու սահմանագծման համատեղ հանձնաժողովի ստեղծումը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

Զրուցակցիս խոսքով, ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն դժվար թե այս փուլում ակտիվ ռազմական ներգրավվածություն ունենա, թեեւ չի բացառվում, որ Բաքուն կարող է ավելի ուշ Արցախում ռուս խաղաղապահներին ՀԱՊԿ բազմազգ կոնտինգենտով փոխարինելու փորձ անել։ «Այլ է մեր ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանի պարագան՝ Մոսկվան ստիպված է լինելու կողմնորոշվել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին ուժով պատասխանել-չպատասխանելու հարցում: Հասկանալի է, որ ռուսական կողմի համար նախընտրելի կլինի Բաքվի կողմից հրահրված միջադեպը խաղաղությամբ լուծելը, սակայն ես կասկածում եմ, որ դրա հնարավորությունը նրան տրվի»,- մեկնաբանեց Մելիքյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: