Առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում իրականացնելու ենք համագործակցություն․ Փաշինյան
ԱՄՆ փոխնախագահը մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ–ի մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու ՀՀ–ում ներդրումներ իրականացնելուն։ Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն, դառնան կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ։ Մենք առաջին անգամ ԱՄՆ–ի հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք և իրականացնելու ենք համագործակցություն։ Սա շատ կարևոր է արձանագրել, որ այս ամեն ինչը խաղաղության օրակարգի արդյունքներն են: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնելով, որ Վենսի հետ ինքն առաջին անգամ հանդիպել է 2025–ի փետրվարի 7–ին՝ Փաշինյանն ասաց, որ դա շատ մեծ կարևորություն ունեցավ. «Ես հատուկ ընդգծեցի՝ փոխնախագահի նկատմամբ իմ հարգանքը եռապատկվեց, որ մինչև ես Վաշինգտոնից հասա Երևան, ԱՄՆ դեսպանատնից մեզ արդեն ծանուցեցին, որ այցի արդյունքներով ԱՄՆ փոխնախագահ արդեն զեկուցել է ԱՄՆ նխագահին, և տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ։ Դա ինձ չափազանց զարմացրեց։ Այսօր մենք տեսնում ենք դրա արդյունքները»:
Անդրադառնալով TRIPP ծրագրին՝ Փաշինյանն ասաց, որ հիմա դրամական մեծ հոսքեր են տեղի ունենալու. «Ցանկացած երկիր ուզում է, որ գումարներ գան դրսից, և ներսում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն։ Մեկ միավոր ներդրումը որոշակի ոլորտում, բերում է երկու, տեղ–տեղ երեք միավոր ներդրում։ Ըստ էության, մենք խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի ձևավորման մասին։ Երկաթուղին միայն ռելսը չէ, դա նաև կողքի սպասարկումն է, այլ ծառայություններն են, գերժամանակակից սարքավորումներն են և այլն, էլ չեմ ասում ուևորների, ապրանքների, ծառայությունների հոսքի սպասարկումը։
Բացի երկաթուղուց, մենք խոսում ենք նաև նոր էլեկտրահաղորդման գծերի, նոր խողովակաշարերի մասին, մալուխների մասին։ Այսինքն՝ այստեղ ներդրումը բերում է ներդրում»։


