շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առաջիկայում Վիեննայից կարևոր հայտարարություն է սպասվում․ ՀՀ–ում Լեհաստանի դեսպան

Առաջիկայում Վիեննայից կարևոր հայտարարություն է սպասվում․ ՀՀ–ում Լեհաստանի դեսպան

Առաջիկայում Վիեննայից կարևոր հայտարարություն է սպասվում։ Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ–ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը` անդրադառնալով ապրիլի 6-ին նախատեսված Փաշինյան–Ալիև հանդիպմանը։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Նախաձեռնողը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն է։

«Համաձայն պայմանավորվածության` Վիեննայում գործող ԵԱՀԿ մամուլի խոսնակն առաջինն է հայտարարություն տալու, և հուսով ենք, որ այդ հայտարարությունը միայն դրական կլինի։ Այս փուլում որևէ բան խոստանալն անիրատեսական է։ Սպասենք մամուլի խոսնակի հայտարարությանը»,– ասաց դեսպանը` չհստակեցնելով հանդիպման օրակարգում ներառված հարցերի շրջանակը։

«Բաքվում ու Երևանում քննարկված ոչ բոլոր հարցերն են բաց ու հրապարակային եղել»,– ասաց դիվանագետը` միաժամանակ հավելելով, որ ՀՀ վարչապետի` ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ Հայաստանում օրերս տեղի ունեցած հանդիպումն ու զրույցը բավական անկեղծ է եղել։

«Ես հանդիպմանը ներկա եմ եղել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ է ունեցել մեր կողմից առաջարկներ լսելու, ստացել է հստակ պատասխան»,–հայտնեց դեսպանը։

Թե ինչ առաջարկներ է լեհական կողմը ներկայացրել Հայաստանին, լեհ դիվանագետը չցանկացավ բացահայտել։ Նա ձեռնպան մնաց նաև հայտնել, թե արդյոք Բաքվում քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պահպանելու հարցը, քանի որ Բաքուն պարբերաբար հակառակն է պնդում։ Պավել Չեպլակը միայն հայտնեց, որ կողմերի հետ քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը վերականգնելու հարցը։

 

  • Կիսվել: