Առաջիկայում բոլոր մեր դիրքերում ունենալու ենք տնակներ, որտեղ մեր զինվորները կունենան նորմալ կացարաններ. Գեղարքունիքի մարզպետ
Առաջիկայում բոլոր մեր դիրքերում ունենալու ենք տնակներ, որտեղ մեր զինվորները կունենան նորմալ կացարաններ։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Մեր բանակն ամուր կանգնած է իր տեղում ու ոչ մի սադրանքի մենք չենք տրվում», - հայտարարել է նա։
Մարզպետն ասաց, որ 2-րդ բանակային կորպուսը տնակներ է տեղափոխել, այդ տնակների տեղադրման աշխատանքներն են այժմ իրականացվում։
«Առաջիկայում բոլոր մեր դիրքերում ունենալու ենք տնակներ, որտեղ մեր զինվորները կունենան նորմալ կացարաններ։ Տնակների հարցը վերջնական կլուծվի մինչև մեկ ամսից», - ասաց մարզպետը։
Նրա խոսքով, 80 տոկոսով կացարանների խնդիրը լուծվել է։
Սարգսյանը վստահեցրեց, որ հակառակորդն ամրացման աշխատանքներ չի իրականացնում։
«Այսօր եմ զրուցել մեր կորպուսի հրամանատարի հետ, նման բան գոյություն չունի։ Այն հատվածներոմ, որտեղ իրենք առաջ են եկել, մխրճված են մեր տարածքում, այնտեղ իրենք ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում։ Իրենց մոտ տեղափոխել են վառելափայտ, երևի, արդեն պարզ է, թե ինչի համար», - ասաց Գեղարքունիքի մարզպետը։


