չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առաջարկվում է Ընտրական օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցության ընտրական բոնուսը․ Նոր փաթեթը՝ կոնսենսուսով

Առաջարկվում է Ընտրական օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցության ընտրական բոնուսը․ Նոր փաթեթը՝ կոնսենսուսով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր Ազգային ժողովում կարևորեց «Ընտրական օրենսգրքում», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը:

Նրա ներկայացմամբ, այս փաթեթը համատեղ՝ կառավարության և խորհրդարանական բոլոր խմբակցությունների համագործակցված աշխատանքի արդյունք է։

«Ուզում եմ նշել մի կարևոր նախադեպի մասին. այս օրենքը համահեղինակել են երեք խմբակցությունների պատգամավորներ, և նախադեպային առումով համարում եմ բավական դրական քայլ, Կառավարություն-խորհրդարան համագործակցության ամրացման կարևոր քայլ»,-ասաց Պապիկյանը:

Նա ներկայացրեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո կարիք առաջացավ նոր իրողություններին համահունչ տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալ:

«Նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Սա կարևոր է նրանով, որ քաղաքական կուսակցություններն իրենց ունեցած ռեսուրսը կարողանալու են իրացնել, իրենց ներուժը հինգ տարի շարունակ կարողանալու են իրացնել ավագանիում»,-ասաց Պապիկյանը:

Նախկինում, ըստ նախարարի, շատ են եղել դեպքերը, երբ մեծամասնական ընտրակարգով պայքարող համայնքապետը մեկ-եկու տոկոսով կամ նույնիսկ մի քանի ձայնով պարտություն է կրել, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը հինգ տարի շարունակ դուրս է մղվել տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց:

«Այս օրենքի նախագիծը երաշխավորում է, որ տվյալ համայնքում լինի առողջ քաղաքական մթնոլորտ և եթե հնարավորություն ընձեռվի կառուցողական մթնոլորտում ապահովել ավագանու համագործակցությունը, ապա կլինի փոխզսպված ավագանի ու համայնքի ղեկավար: Այն մոդելը, որն առկա է խորհրդարանում, կտեղափոխվի տեղական ինքնակառավարման մարմիններ»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Առաջարկվող փոփոխություններով, համայնքների ավագանիների թվաքանակը, ընտրական գրավի չափը կփովի, փոփոխություն կկատարվի նաև նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում:

Ըստ նախագծի` մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը՝ 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն՝ 100-ապատիկի, ավագանու անդամը՝ 15-ապատիկի չափով ընտրական գրավ: «Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4%` գործող 6%-ի փոխարեն, կուսակցությունների դաշինքի համար` 6%` գործող 8-ի փոխարեն: Եվ եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 կամ 6 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած երեք կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը»,-ներկայացրեց նախարար Պապիկյանը:

Նա հատկապես կարևորեց, որ այս փաթեթով առաջարկում են Ընտրական օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցության ընտրական բոնուսը: Պապիկյանի խոսքով` համայնքապետի լիազորությունների դադարեցման ժամանակ, երբ կա գործող ավագանի, համայնքի դեպքում պաշտոնակատար է նշանակվում մարզպետի կողմից, քաղաքապետի պարագայում` վարչապետի կողմից:

  • Կիսվել: