երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջարկվում է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար պատժի պատշաճ իրացում ապահովել. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Առաջարկվում է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար պատժի պատշաճ իրացում ապահովել. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց, որ նախագծի ընդունումն ուղղված է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի իրացումը պատշաճ ապահովելուն:

«Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար, երկրորդ մասը՝ նույն արարքի համար, որը կատարվել է հատուկ սուբյեկտի՝ պաշտոնատար անձի կողմից: Երրրորդ մասը նախատեսում է, որ քրեական պատասխանատվություն է առաջանում նույն հոդվածի առաջին և երկրորդ մասով նախատեսված արարքների դեպքում, երբ արարքը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով»,- ասաց փոխնախարարը:

Հովհաննիսյանը նշեց, որ ըստ առկա կարգավորումների՝ արարքը Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով որակելու համար պահանջվում է նույն հոդվածի երկրորդ մասի ու առաջին մասի հատկանիշների առկայությունը: Այսինքն՝ երրորդ մասով որակելու համար նախատեսվում է նաև, օրինակ, երկրորդ մասում նախատեսված հատուկ սուբյեկտի՝ պաշտոնատար անձի կողմից կատարված լինելու պարտադիր հատկանիշը:

  • Կիսվել: