շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի 90 տոկոսը պետական գաղտնիք է. վարչապետ

Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի 90 տոկոսը պետական գաղտնիք է. վարչապետ

Շուշիի անկման մասով ես էլ կոնկրետ հարցեր ունեմ ու շատ կոնկրետ անձանց՝ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի՝ պատերազմի արդյունքներն ու պատճառները քննելու մասին հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հարցերն այնպես չի, որ չեմ տվել նախկինում: Որովհետև ես բախվում եմ մի իրողության հետ, որ մենք պետք է գնահատենք, թե զեկույցներն ինչքանո՞վ են եղել ճշմարտացի, եղե՞լ են այդ զեկույցներում իրականությունը խեղաթյուրող տվյալներ, եթե եղել են այդպիսի տվյալներ, դրանք դիտավորյա՞լ են եղել, թե՞ պատահաբար են խեղաթյուրվել: Իհարկե, պետք է ճշմարտության հանձնաժողովը լինի, և մենք բոլոր հարցերի պատասխանները ստանանք»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կա, բայց մինչև հիմա չի հրապարակվել, որովհետև այնտեղ պետական գաղտնիք պարունակող հսկայածավալ նյութ կա, այդ զեկույցը պետք է լինի ի գիտություն՝ դրված պետական կառավարման մարմիններին՝ Ազգային ժողովին, պաշտպանության նախարարությանը, Կառավարությանը:

«Այնտեղ կան հարցերի կոնկրետ պատասխաններ, բայց դրանք չի կարելի հրապարակայնացնել, քանի որ դրանք վերաբերում են հույժ գաղտնի տեղեկատվության: Փորձաքննություն ենք արել, թե այդ զեկույցից ինչն է, որ հույժ գաղտնի տեղեկատվություն է պարունակում, պարզվել է, որ զեկույցի շուրջ 90 տոկոսը  պետական գաղտնիք է, հրապարակման ենթակա տվյալ չէ: Հարց՝ բա ինչի՞ համար է այդ աշխատանքն արվել. արվել է հետագա բարեփոխումների ժամանակ այդ ինֆորմացիան հաշվի առնելու համար»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: