երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ապրիլյանի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի որոշ մանրամասներ կհրապարակվեն ԱԺ ամբիոնից

Ապրիլյանի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի որոշ մանրամասներ կհրապարակվեն ԱԺ ամբիոնից

Ապրիլյան պատերազմից մոտ երեք տարի անց խորհրդարանում իրավունքի ուժով ձևավորված և մեկ տարի քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը թեև չի հրապարակվի, սակայն 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ծավալուն ելույթ կունենա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել և որոշել են ձևաչափը: Խորհրդարանում պահվող փաստաթղթին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա:

Անդրանիկ Քոչարյան (ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ես տրամադրված էի, որ դա ամբողջությամբ դրվեր Ազգային ժողովի կայքում, եթե գործադիրը տար դրական եզրակացություն, այսինքն՝ գաղտնիության ռեժիմի հետ խնդիր չտեսնեի, բայց 44-օրյա պատերազմը մեզ ստիպում է, որ բոլորս շատ զգույշ լինենք, որովհետև բանակը կրել է մեծ կորուստներ, և մեր զինվորականությունը պետք է կենտրոնանա իր խնդիրների լուծման վրա:

Քոչարյանն ասում է՝ առաջիկա քառօրյային հնարավոր է ԱԺ ամբիոնից ներկայացնի զեկույցի՝ հրապարակման ենթակա հատվածները: Հանձնաժողովի նախագահն ասում է՝ նախատեսում են զեկույցը փոխանցել նաև զինված ուժերին: Զինվորական պաշտոնյաները հնարավորություն կունենան լսել նիստերի՝ մոտ 80 ժամ տևած տեսագրությունները և հրավիրվածների բացատրությունները:

Անդրանիկ Քոչարյան - Ամենակարևորը՝ զեկույցը գոյություն ունի, գտնվում է ԱԺ շենքում, և ես պատրաստ եմ ելույթով հանդես գալ, թող մեր հասարակությունը կասկած չունենա:  

Մեկ տարում անցկացրած 30 նիստի ընթացքում հանձնաժողով հրավիրվեց 19 հոգի՝ շարքային զինծառայողից մինչև երկրի այն ժամանակվա ղեկավարը: Հանձնաժողովն ուսումնասիրեց զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, զորքերի համալրման, հետախուզության վիճակը, հրամանատարական որոշումների օպերատիվությունը: Ապրիլյանի գլխավոր բացթողումը, ըստ Քոչարյանի, ժամանակի սղության պատճառով շտկել չէր հաջողվել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում:

Անդրանիկ Քոչարյան - Մենք ունեցել ենք կառավարման պրոբլեմ, և 44-օրյա պատերազմում ևս երևաց, որ մենք ունեցել ենք զորքերի կառավարման պրոբլեմ:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար ևս կարելի է քննիչ հանձնաժողով ստեղծել, բայց դա պետք է անել 1-2 տարի անց, երբ քաղաքական կրքերը հանդարտված կլինեն:

  • Կիսվել: