ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապրիլյան քառօրյայի քարոզչական ճակատում Միքայել Մինասյանի դերն անուրանալի է․ Սամվել Ֆարմանյան

Ապրիլյան քառօրյայի քարոզչական ճակատում Միքայել Մինասյանի դերն անուրանալի է․ Սամվել Ֆարմանյան

Միշտ մտածել եմ մի օր թղթին հանձնել ապրիլյան քառօրյա պատերազմի քարոզչական ճակատի մասին իմ իմացածն ու տեսածը: Որպես ականատես: Որպես այդ մեծ ճակատի մի փոքրիկ օղակի պատասխանատու, ով ապրիլյանի ողջ ընթացքում եղել է Արցախում, ֆեյսբուքում գրել է Սամվել Ֆարմանյանը՝ կիսվելով Միքայել Մինասյանի հայտնի տեսանյութով։

«Միշտ մտածել եմ մի օր թղթին հանձնել ապրիլյան քառօրյա պատերազմի քարոզչական ճակատի մասին իմ իմացածն ու տեսածը: Որպես ականատես: Որպես այդ մեծ ճակատի մի փոքրիկ օղակի պատասխանատու, ով ապրիլյանի ողջ ընթացքում եղել է Արցախում: Վախեցել եմ սխալ հասկացվել: Վախեցել եմ, որ մարդիկ կմտածեն, թե ճշմարտությունը պատմելու քողի տակ իր ընկերների ու իր արածն է կարևորում: Ճիշտ եմ արել: Հիմա էլ դեռ ժամանակը չէ էդ մասին մանրամասն գրելու ու պատմելու: Մեր պետական շահը թույլ չի տալիս աշխարհի ու թշնամու առաջ բացել, թե այդ ինչպես մեկ օրում Արցախում հայտնվեցին առաջատար հարյուրավոր օտարերկրյա լրատվամիջոցներ և աշխարհին հենց Արցախից պատմեցին քառօրյա պատերազմի իրական պատմությունն ու հայկական օրակարգը: Այդ ինչպես Արցախի ԱԳ նախարար Միրզոյանը հանկարծ հայտնվեց CNN-ի եթերում Ադրբեջանի Մամեդյարովին հակադարձելու: Այդ ինչպես ու հատկապես ում ղեկավարությամբ հենց Ստեփանակերտից ու Արցախի այլ շրջաններից կազմակերպվեց այդ հսկայական աշխատանքը, որի հարյուրավոր ականատեսները կան:

Էսօր էլ էդ ամենի մասին գրելու ու պատմելու ժամանակը չէ, որովհետև, Աստված մի արասցե, վաղը կարող է նույնն անելու խնդիր լինի ու հետո, դեռ էդ թեման սառած չէ`պատմություն չի դարձել: Սխալ կընկալվի:

Ես ապագա պատմաբանների առաջ իմ բաժին պարտքն ունեմ: Նրանց, ովքեր մի օր կորոշեն գրել ապրիլյան քառօրյայի, դրա քարոզչական ճակատի, այդ գործում Սուրբ Աթոռում մեր դեսպան Միքայել Մինասյանի անուրանալի դերի ու առաջնորդության, այդ ճակատի հարյուրավոր իրական երախտավորների ու նրանց կերտած հաղթանակի մասին: Մարդիկ, ովքեր ամեն ինչ արեցին, որ քարոզչական ճակատում մեր հերոս տղեքի թափած արյունը թշնամին աշխարհին այլ կերպ չկարողանա պատմել, ու էդ գործում մենք հաջողության ենք հասել: Իսկ դրա լավագույն ու անաչառ գնահատականը արդեն պատերազմի ավարտից օրեր այն պիտի տար Ստեփանակերտից պատերազմի ողջ ընթացքը լուսաբանած Al Jazeera հեռուստաընկերության թղթակից Robin Forestier-Walker-ը իր այս հրապարակմամբ (տե՛ս հղումը` մեկնաբանությունում)»,- մասնավորապես ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: