ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այս պահին ունի բազմաթիվ հարցերի մասին հստակ տեղեկատվություն․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այս պահին ունի բազմաթիվ հարցերի մասին հստակ տեղեկատվություն․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի հունիսի 4-ին։ Բայց մինչ այդ, այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում էր վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 2016–ին ՊՆ հակահետախուզության վարչության պետն էր, և Քննիչ հանձնաժողով այցելում էր երկրորդ անգամ։ Տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով այցելությունից հետո անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ անգամ «հարցաքննել» Կարապետանին։

«Քննիչ հանձնաժողովն այս պահին ունի բազմաթիվ հարցերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն, նաև՝ ձեզ անհանգստություն պատճառող հարցերի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողը հետաքրքրվեց՝ 2016-ի ապրիլին հետախուզությունն արդյոք ունեցե՞լ է բացթողումներ, Քոչարյանը պատասխանեց․

«Դուք դրան կծանոթանաք վերջնական եզրակացությունում, եթե ունենաք հնարավորություն, գաղտնիության աստիճանի հետ է կապված։ Մնացածը ես կարծում եմ, կգտնեմ տարբերակ հնարավորինի սահմաններում ձեզ տեղյակ պահեմ ձեզ հետաքրքրող հարցերին»։ Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց, որ հունիսի 4-ից հետո ամռան մեկ ամսվա ընթացքում իրենք ի մի են բերելու ամբողջ տեղեկատվությունը։

«Սեպտեմբերին մենք պատրաստվում ենք հանրությանը ներկայացնել բոլոր այն կարևոր դրվագները, որոնք մեզ հայտնի են դարձել և հուզում են բոլորին», - ընդգծեց Քոչարյանը՝ նշելով, որ պահելու են նաև պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջները։

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին երկրորդ անգամ Քննիչ հանձնաժողով հրավիրելուն, Քոչարյանն ասաց, որ անհրաժեշտություն էր առաջացել ամբողջացնելու ստացված տեղեկությունները։

«Այս ամենը պատահական հանդիպումներ չեն, դրանք տեղավորվում են անվտանգության ձևաչափի մեջ, որը վերաբերում է ապրիլյան օրերին», -նշեց Քոչարյանը։

  • Կիսվել: