հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապրիլի 20-ից տեքստիլ գործարաններին հնարավորություն կտրվի աշխատելու

Ապրիլի 20-ից տեքստիլ գործարաններին հնարավորություն կտրվի աշխատելու

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց, որ ապրիլի 20-ից տեքստիլ գործարաններին հնարավորություն կտրվի աշխատելու, բայց եթե այդ գործարանների գործատուները և աշխատողներն առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, որոշումը բերելու է աղետալի հետևանքների։

«Մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր մասը կրել, այդ ձեռնարկությունները կլինեն հատուկ հսկողության տակ, և պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե ինչքանով են պահպանվում կանոնները։ Մենք ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատողներն, իմանալով, որ ջերմություն ունենալով՝ իրենց ներս չեն թողնելու, ուղղակի չեն գնացել աշխատանքի, շարունակել են մնալ տանը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  պետական կառավարման համակարգը կարողացել է համաճարակն առնել հսկողության տակ, և այս պահից սկսած՝ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունն է պետք, որ իրավիճակը նեգատիվ առումով չփոխվի։ 

Առողջապահության Նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ գործատուների շահերից է բխում կանոնները խստիվ պահպանելը, քանի որ հենց նրանց գործունեությունն է վտանգվելու։

«Մենք երեկ էլ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք դեպքի հաստատում, որի հետազոտությունը ցույց է տվել, որ հայտնաբերվել է գործատուի կողմից մուտքի պահին՝ ջերմաչափման ժամանակ, ուղարկվել է տուն, և գործատուն զերծ է մնացել այդ մեծ վտանգից, որ հնարավոր էր՝ իր հարյուրավոր այլ աշխատակիցներ վարակվեին»,- նշեց նախարարը։ 

Վարչապետն էլ հայտնեց, որ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ, գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին՝ բացի մի քանի ապրանքատեսակներից։

«Մենք ապրանքային դեֆիցիտ չունենք և չենք ունենալու։ Այս ընթացքում Վրաստանի ու ՌԴ-ի մեր գործընկերների հետ սերտ գործակցության արդյուքնում մեզ հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, և ներմուծումների դեպքում սկզբունքորեն խնդիր չի եղել»,- նշեց նա։ 

  • Կիսվել: