շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Իմպիչմենթի գործընթացից մի քանի ժամ անց, Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական տվեց․ Առաքելյան

Իմպիչմենթի գործընթացից մի քանի ժամ անց, Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական տվեց․ Առաքելյան

Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց համայնքի ղեկավարը հրաժարական տվեց»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել՝ հայտարարելով ՔՊ-ական թեկնածուին աջակցելու մասին։

«Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին: Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում 2021 թ. տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն ՔՊ-ական իշխանությունը այս համայնքում ևս ամեն գնով իշխանությունը խլեց, և արդեն երկու տարի է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը դատական գործընթացների մեջ է։

 
 
 

  • Կիսվել: