կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
«Ապրելու երկիր» կուսակցությունը դեսպաններին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը

«Ապրելու երկիր» կուսակցությունը դեսպաններին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը

Արցախում իրադրության սրման ամբողջ ընթացքում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հանդիպումներ են ունեցել Հայաստանում հավատարմագրված տարբեր, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանների հետ։ Դրանց ընթացքում ներկայացվել է կուսակցության անհանգստությունը Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ, այդ թվում՝ ռազմական, նաև՝ հումանիտար խնդիրներ առաջացնող գործողությունների վերաբերյալ։ Հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Քաղաքական գործիչները նաև իրենց մտահոգությունն են ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը վերացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ։

Կուսակցության համահիմնադիրները ուշադրություն են հրավիրել փաստի վրա՝ Բաքվի ընդգծված նպատակը Արցախը հայաթափելն է։ Շեշտադրվել է՝ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը անբեկանելի է։ Այս համատեքստում կուսակցությունը կարևորում է միջազգային հանրության ներգրավվածությունը, հստակ դիրքորոշումը։

«Ապրելու երկիր» կուսակցության հանդիպումները օտարերկրյա դեսպանների հետ շարունակական բնույթ են կրում։ Միևնույն ժամանակ, կուսակցությունը պարբերաբար Հայաստանում տարբեր երկրների դեսպանություններին է փոխանցում Արցախում տիրող իրավիճակի մասին արժանահավատ տեղեկատվություն։

  • Կիսվել: