չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը  հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունը  ձախողելու դասական օրինակն է․ Տ․ Խաչիկյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունը ձախողելու դասական օրինակն է․ Տ․ Խաչիկյան

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին:

Նա, մասնավորապես, գրել է․ ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը դասական օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է ձախողել հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունը: Գույքի ուսումնասիրություն սկսելու խիստ անորոշ, հայեցողական այդ թվում` կոռուպցիոն ռիսկեր գեներացնող հիմքերը և բազմաթիվ այլ խնդրահարույց կարգավորումներ հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ այս օրենքի նախագիծն այս տեսքով ակնհայտ ձախողված է և սպառնալիք է երկրի իրավական անվտանգությանը: Ստորև պարզապես մի քանի աննախադեպ փաստեր հիշյալ ձախողված օրենքի նախագծից.


1. Հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության ողջ գործընթացը (որը, որպես կանոն, կարող է տևել մինչ երկու տարի) կատարյալ անվերահսկելի է, և ըստ էության, վեր է ածված քաղաքացիական տիրույթում իրացվող փաստացի քրեական մեղադրանքի առանց պատասխանողին տրվող որևէ գործնական երաշխիքի, ներառյալ` ուսումնասիրություն նախաձեռնելու մասին որոշման բողոքարկման: Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման տեսանկյունից անթույլատրելի է նշված վարույթն իր իրավական բնույթով հավասարեցնել փաստաբանի կողմից հայցի նախապատրաստման գործընթացին, ի թիվս այլնի, մի ակնհայտ պատճառաբանությամբ, որ այստեղ գործում է գույքի` ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, և իրավասու մարմնի կատարյալ անգործության պայմաններում անգամ գույքը կարող է բռնագանձվել:


2. Նախագիծը պարզապես իմաստազրկում է օպերատիվ-հետախուզական մարմինների միջոցով ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերումն այնքանով, որքանով բացարձակ անհարկի նախատեսում է ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում միջոցառումների իրականացման արգելք:


3. Նշված վարույթի շրջանակներում գույքի արժեքը գնահատող փորձագետը ենթակա չէ որևէ պատասխանատվության իր կողմից կեղծ եզրակացություն տալու համար:


4. Ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը առանց եզրափակիչ դատական ակտի կարող է դեռևս դատական քննության փուլում օտարվել իրավասու մարմնի խնդրանքով դատարանի որոշմամբ:


5. Ապօրինի ծագում ունեցող գույքը` որպես նվիրատվություն ստացած անձը երբեք չի կարող բարեխիղճ լինել և գույքը վերջինիցս բոլոր դեպքերում պետք է բռնագանձվի:


6. Պետք է բռնագանձվի նաև որպես ալիմենտ, կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում կամ որպես բարեգործություն ձեռքբերված գույքը, բացառությամբ այն դեպքի, երբ ձեռքբերողը չի իմացել և չէր կարող իմանալ դրա ապօրինի ծագման մասին:
Առաջարկում եմ ձևավորել հեղինակավոր սահմանադրագետներից ու դատավարագետներից կազմված աշխատանքային խումբ հիշյալ նախագծի իրական լրաշմակման աշխատանքները որակյալ ապահովելու համար:»

  • Կիսվել: