կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար

Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար

Արեւմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարեւոր շերտ ունի: Այս մասին այսօր Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս առումով, գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երեւի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արեւմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ եւ հավաքական Եվրոպայի, եւ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ըսդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը:

Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան»,-ասաց նա:

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթի հիմնական մեսիջներից մեկն այն է, որ Հայաստանը պատրաստ է այնքան, որքան պատրաստ է Եվրոպան. «Մենք ցույց ենք տվել կամք առաջ գնալու համագործակցության առումով»:

Անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ դա շատ կրեւոր էր նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համատեքստում: «Նիկոլ Փաշինյանի եւ ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում նշվում է, որ մեր հարաբերությունները նաեւ հիմնված են արժեքների վրա»:

  • Կիսվել: