հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սեյրան Օհանյանին

Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սեյրան Օհանյանին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զարմացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պահվածքից և հայտարարություններից:

Պատասխանելով Սերժ Սարգսյանի այն մեղադրանքին, որ Հավաքական անվտանգության կազմակերպության հինգ անդամներից երեքը շնորհավորել են Ադրբեջանին` «տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով», ինչը, ըստ Սերժ Սարգսյանի, «ՀՀ ներկայիս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքն է», Գրիգորյանը «Ազատության» եթերում, մասնավորապես նշեց. «Ես զարմանում եմ ՀՀ նախկին պաշտոնյաների, մասնավորապես Սերժ Սարգսյանի վրա, որը հնչեցնում է նման արտահայտություններ. Սերժ Սարգսյանը էն պաշտոնյան է, որի ներկայությամբ ՀԱՊԿ-ի նիստին կարդացել են Ալիևի գրած նամակը, և նա որևէ պատասխան չի տվել:

Ինչպես կարող է նա հիմա նման հայտարարություններով հանդես գալ»: Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ ներկայումս Հայաստանը միջազգային բանակցությունների ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ, և այդ բանակցությունների ժամանակ գտնվում է «ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանի վրա»` Գրիգորյանը նշել է. «Նման արտահայտություններ անելիս` Քոչարյանը, ըստ երևույթին, վերհիշել է իր սեփական փորձը` իր պաշտոնավարման ժամանակ: Երևի այդ ժամանակ միջազգային բանակցությունների ընթացքում հենց նա էր գտնվում սեղանի վրա»:

Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն արտահայտությանը, որ ներկայումս դիրքերը և առաջնագիծը գտնվում են ողբալի վիճակում` Գրիգորյանը նշեց. «Ոնց կարող է նման արտահայտություններ անել մի պաշտոնյա, որի պաշտոնավարման օրոք պոստերը կոնսերվայի բանկաներով էին կահավորված: 30 տարվա ընթացքում նույնիսկ չէր լուծվել պոստերի ջրամատակարարման հարցը»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ, այո, առաջնագծում ներկայումս շատ խնդիրներ կան` հույս հայտնելով, որ դրանք հնարավորինս արագ կլուծվեն:

  • Կիսվել: