շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անվերապահորեն աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Վրաստանի վարչապետ

Անվերապահորեն աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Վրաստանի վարչապետ

Մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և շոշափելի համաձայնագիր կլինի, և Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, բարեկամության համար: Պետք է ասեմ, որ մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ենք ունեցել, ստորագրել ենք համագործակցության հռչակագիր և էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացրել մեր հարաբերությունները: Նպատակն է խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա և արտահայտում է մեր աջակցությունը առ այդ արժեքներ»,- նշեց Կոբախիձեն:

«Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունը իմ գործընկեր վարչապետ պարոն Փաշինյանին: Նա աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ինքնիշխանությանը: Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասաց նա:

Վրաստանի վարչապետը ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են:

«Խոսեցինք համագործակցության մասին տարբեր ոլորտներում և տարբեր ձևաչափերով. լինի դա քաղաքականության մակարդակով, տրանսպորտի, էկոնոմիկայի, զբոսաշրջության. այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն է՛լ ավելի կխորացվի, է՛լ ավելի կզարգանա: Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին: Ես ընդգծել եմ կարևորությունը մեր համատեղ ջանքերի, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանի առկա մարտահրավերների դեմ: Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին: Մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և շոշափելի համաձայնագիր կլինի, և Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում»,- նշեց նա:

«Ես Ձեզ ուրախ եմ հրավիրել Վրաստան. մենք այդ մասին խոսել ենք մեր հանդիպման ժամանակ: Մենք բարձր մակարդակի երկկողմ այցեր ենք ունենում, սա շատ կարևոր է. պետք է այս մոտեցումը, այս միտումը պահպանենք, և պահպանենք մեր գործընկերության բարձր մակարդակը: Մեր նպատակն է զարգացնել և ամրապնդել մեր երկրների միջև համագործակցությունը: Այդ համագործակցությունը շատ կարևոր է»,- ասաց Վրաստանի վարչապետը:

 

  • Կիսվել: