ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անկեղծորեն չեմ հասկանում այսօր Հայաստանում ո՞րն է մեր գերխնդիրը․ մենք ազգովի չգիտենք՝ ինչ ենք ուզում․ Դավիթ Հակոբյան

Անկեղծորեն չեմ հասկանում այսօր Հայաստանում ո՞րն է մեր գերխնդիրը․ մենք ազգովի չգիտենք՝ ինչ ենք ուզում․ Դավիթ Հակոբյան

Հիմա մեզ կոչ են անում պետություն չունենալ, որ մեզ չմորթեն։ Արևմտյան Հայաստանում մենք պետություն ունեի՞նք, որ մեզ մորթեցին, բա ինչո՞ւ մորթեցին։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանատան առջև իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։

«Մեզ հիմա անհրաժեշտ է 40 տարվա գոյաբանական անվտանգային երաշխիք, որ այդ տարիների ընթացքում առաջանա նոր էլիտա, այն սերուցքը, որի հետևից պետք է գնա ժողովուրդը։ Այսօր մեր գերխնդիրն է ստեղծել անվտանգային երաշխիք։ Թե չէ կնկնենք այն բադերի օրը, որ սատկում են, իսկ մարդիկ առաջարկում են տարբեր դեղեր փորձել»,- նկատեց նա։

Հակոբյանը նշեց, որ չի հասկանում՝ ումի՞ց ենք բան պահանջում։

«Այսօր պահանջում ենք Ֆրանսիայի դեսպանատնից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, բայց ուժեղից ի՞նչ ենք պահանջում, ախր պետք է ուժեղանանք, որ իրենք մեզ կանչեն ու հարցնեն՝ ինչ ենք ուզում։ Անկեղծորեն չեմ հասկանում այսօր Հայաստանում ո՞րն է մեր գերխնդիրը, քանի որ ես պարզ ճշմարտություն գիտեմ՝ նախ, պետք է ճշտես, թե ինչ ես ուզում։ Իսկ այսօր մենք ազգովի, պետականորեն չգիտենք ինչ ենք ուզում»,-անկեղծացավ վաստակավոր արտիստը։

Հիշեցնենք, որ Երևանում շարունակվում են ի աջակցություն արցախցիների բողոքի ակցիաները։ Արցախցիներն ու տասնյակ քաղաքացիներ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց են ցույց անում՝ պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

  • Կիսվել: