ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Անկարան ակնկալում է, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համար

Անկարան ակնկալում է, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ Անկարան գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնության վերաբերյալ։

Այս մասին հայտնում է Anadolu-ն։

«Ազգային անվտանգության խորհուրդն իր գոհունակությունն է արտահայտում, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Անկարան վերահաստատում է իր ակնկալիքները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները վերջնական խաղաղության հաստատման համար, ինչն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին»,-ասված է հայտարարության մեջ։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտնել էին խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։ Դրանից հետո հայկական կողմը մի քանի անգամ Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, սակայն Բաքուն նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագրի ստորագրման համար։ Բաքուն շարունակում է կեղծ պնդումը, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ և որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է առաջ քաշում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Բաքվի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Հայկական կողմը բազմիցս հերքել է Ադրբեջանի կեղծ պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հետ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը ստորագրել միաժամանակ։ 

 

  • Կիսվել: