հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհայտ բացակայող ճանաչելու համար սահմանված ժամկետը կրճատվել է

Անհայտ բացակայող ճանաչելու համար սահմանված ժամկետը կրճատվել է

Կառավարությունն այսօր ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ հիմնադրամից: «Մասնավորապես, կարգավորել ենք հետևյալը. հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար պետք է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված և այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով երեք ամիս: Այն տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անձին անհայտ բացակայող ճանաչելու համար և դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել հիմնադրամ` անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»,-ասաց

Նախարարը նշեց, որ մյուս փոփոխությունը վերաբերում է նրան, որ դատական ակտից հետո պետք է 6 ամիս անցնի, որ հատուցումը տրամադրվի և այդ ժամկետը ևս կրճատում են: «Այսինքն եթե հաշվարկում ենք սեպտեմբերի 27-ից, ապա դատական ակտի ուժի մեջ մտնելու պահին այդ երեք ամիսն արդեն անցած կլինի և մեր հայրենակիցները հնարավորություն կունենա հատուցում ստանալու հիմնադրամից: Խոսքը 82 մլն կամ 70 մլն դրամ հատուցման մասին է՝ կախված անձի կարգավիճակից: Դրանից 10 մլն դրամը տրվում է միանվագ, մնացածը 20 տարվա մեջ` ամսական կտրվածքով»,-ասաց նա:

  • Կիսվել: