երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու համար. Անդրանիկ Քոչարյան

Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու համար. Անդրանիկ Քոչարյան

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ևս երկու օր ժամանակ ունի Ապրիլյան քննիչ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին, հատկապես պարոն Նալբանդյանին 2 ժամից ավելի լսելուց հետո։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հանձնաժողովն ունի հարցեր, որոնց Յուրի Խաչատուրովը պետք է պատասխանի։ Դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ։ Նամակներ չենք ուղարկելու, որովհետև ուղարկել ենք եւ ստացել ենք պատասխան։ Մինչև ամսի 4-ն է ժամկետը, եւ մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով նշանակել հանձնաժղովի նիստ և հարցեր ուղղել պարոն Խաչատուրովին, պարոն Նալբանդյանին լսելուց հետո»,- նշեց հանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով, եթե նա չներկայանա, հանձնաժողովի ներկայացված եզրակցության մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն այլ մարմիններ, քննիչ հանձանաժողովն այլևս անելիք չի ունենա. «Համար մեկ զինվորական պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, որն այս գործընթացի մեջ ունեցել է ամենակարևոր դերակատարումներից մեկը, պետք է գա և պատասխանի այս հարցերին, իրեն ուղղված հարցեր են դրանք»։

Հարցին, թե Յուրի Խաչատուրովը միակ պաշտոնյան է, որը չի ներկայացել հանձնաժողով,  Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան տվեց։

«Ես մի անգամ կատակով ասացի` մնում էր Թրամփին հրավիրեինք, նա էլ չէր մերժի, իսկ ինչի՞ է մերժում Խաչատուրովը, ես չգիտեմ: Այ այդ հարցը մենք պետք է տանք` ի՞նչ է նշանակում մերժել մի հանձնաժողովի աշխատանքին, որին բոլոր պաշտոնյաները, իր ենթակայության տակ եղած զինվորականները բոլորը մեծ պատրաստակամությամբ եկել են և օգնել են մեզ` իրողությունները ճիշտ հասկանալու համար: Եվ պարոն Նալբանդյանը Մոսկվայից, չկասկածեք, եթե ինքնաթիռ լիներ, օր առաջ պետք է գար: Եվ որովհետև սրա կարևորությունը բարոյական առումով շատ ավելին է, քան թե իրավական ցանկացած խնդիր»,- ընդգծեց նա։

Հարցին, թե ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը հարցերին բավարար պատասխան տվե՞ց, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել․ մեր համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»:

  • Կիսվել: