Անբարոյականությունն էլ պետք է չափ ունենա. Քոչարյանը` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
ՀՀ իշխանություններն ապացուցում են, որ անբարոյականությունն ու սրիկայությունը սահմաններ չեն ճանաչում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
Փետրվարի 11-ին խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրեց չկռվելու և փախչելու մեջ` կրկնելով, որ պետք էր մնալ ու կռվել։ Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը կռվել է և Ղարաբաղին անհրաժեշտ զենք ու աջակցություն է տրամադրել: Այս հայտարարությունը բուռն քննարկման թեմա դարձավ հասարակության շրջանում։
«Ամեն անգամ, երբ մտածում ենք, որ անբարոյականությունն ինչ–որ չափ պետք է ունենա, կրկին էս մարդիկ գալիս են ապացուցելու, որ չէ, այդ չափն ավելի կարող է իջնել, որ սրիկայությունը ևս կարող է չափ չունենալ։ Մինչդեռ այս ամեն ինչի պատճառն իրենք են»,–ասաց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ Արցախի հետ տեղի ունեցածը եղել է այս իշխանության մեղքով, որովհետև սկսել են բանակցել զրոյական կետից, բերել հասցրել են պատերազմի, ապա գնացել և Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։
«Իրենց գործողությունների արդյունքում մարդիկ սոված–ծարավ 9 ամիս մնացին բլոկադայում, որից հետո եղավ Ադրբեջանի հարձակումը, որի ժամանակ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ չի միջամտելու։ Բա սրիկայություն չի՞ այդ ամեն ինչից հետո, երբ մարդիկ այդ ծանր պայմաններում են այսօր հայտնվել, ասել, թե պետք է մնային ու կռվեին»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։