հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Անակնկալ չէր. Սրան պետք չէ նայել նախընտրական տեսանկյունից. Կոնջորյանը՝ հրաժարականների մասին

Անակնկալ չէր. Սրան պետք չէ նայել նախընտրական տեսանկյունից. Կոնջորյանը՝ հրաժարականների մասին

Վստահ եմ, որ ուրբաթ օրվա Կառավարության նիստին հետևել եք, և վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի և ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտնել է իր դիտարկումները, դժգոհությունները, և, ըստ էության, նաև հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու, և որոշումները կայացրել է: Այնպես որ, որևէ բան անակնկալ չէ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնանկությունները նախընտրական էլեմենտնե՞ր են պարունակում, թե՞ դատաիրավական համակարգի դժգոհությունների արդյունք են:

«Հայաստանում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե՛ վարչապետի, թե՛ կառավարող ուժի կողմից նոր չեն: Բազմիցս նաև վարչապետը Կառավարության նիստում խոսել է այս թեմաներով, նաև մենք էլ՝ որպես խմբակցություն, բազմիցս այս հարցերը բարձրաձայնել ենք, այդ թվում՝ հրապարակային, այդ թվում՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ:

Ըստ էության, մարդիկ Հայաստանում ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ արդարության պահանջն էմոցիոնալ պահանջից վերաձևակերպվի, դառնա ինստիտուցիոնալ որոշում: Եվ այս մասով կան արված գործեր, բայց նաև կան բացթողումներ, և նաև կան չարված գործեր, և վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց: Սա էլ այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Սրան պիտի նայել համակարգային և կադրային տեսանկյունից, ոչ թե ներքաղաքական կամ, ինչպես դուք նշեցիք, նախընտրական: Չկա նման բան»,- ասաց Կոնջորյանը:

 

  • Կիսվել: