ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամուր պետություն կառուցելու ճանապարհին ոստիկանության դերը հասարակական կյանքում առավել քան արժեքավոր է. Անդրանիկ Քոչարյան

Ամուր պետություն կառուցելու ճանապարհին ոստիկանության դերը հասարակական կյանքում առավել քան արժեքավոր է. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շնորհավորել է ոստիկանության աշխատողի մասնագիտական տոնը:

«ՀՀ ոստիկանության գործող և նախկին հարգարժան աշխատակիցնե՛ր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

2020 թվականի ընթացքում հատկապես մեր ոստիկանությունը աչքի ընկավ իր փայլուն աշխատանքով՝ բարեխղճությամբ և ամենայն պատասխանատվությամբ հաղթահարելով կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առաջացած լրացուցիչ բարդությունները։ Իսկ արդեն Արցախյան երկրորդ պատերազմի ծանր օրերի ընթացքում ոստիկանությունը, համատեղելով հասարակական կարգի պահպանումն ու պատերազմին մեր զինված ուժերին օժանդակելու անհրաժեշտությունը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետության անբասիր ոստիկանությունը ռազմաճակատի ամուր թիկունքն է: Եվ չնայած նախորդ տարվա աշխատանքային ծանրաբեռնվածությանը՝ ոստիկանությունը նախաձեռնեց նաև նոր պարեկային ծառայության ձևավորման առաջին քայլերը։ Իսկ արդեն 2021 թ․ տեղի ունեցած բազմաթիվ հանրահավաքների ընթացքում ոստիկանությունը աչքի ընկավ ժողովրդավարական նոր մակարդակի որակական փոփոխություններով։

Ամուր պետություն կառուցելու ճանապարհին ոստիկանության դերը հասարակական կյանքում առավել քան արժեքավոր է։ Եվ թերևս դա է պատճառը, որ համակարգի՝ հնարավորինս անթերի գործունեության հասնելը առաջնահերթություն է։

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, առողջություն և տոկունություն՝ ձեր կարևոր առաքելությունը անխափան իրականացնելու գործում»,- ասված է Անդրանիկ Քոչարյանի ուղերձում։

  • Կիսվել: