շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամրապնդել Արցախի կապն արտաքին աշխարհի հետ. Ի՞նչ ակնկալել օդանավակայանի հնարավոր վերաշահագործումից

Ամրապնդել Արցախի կապն արտաքին աշխարհի հետ. Ի՞նչ ակնկալել օդանավակայանի հնարավոր վերաշահագործումից

Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործումը կոմունիկացիաների վերաբացման, ապաշրջափակման կարևոր բաղադրիչներից մեկն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Օդանավակայանը նախատեսվում է մոտ ապագայում վերագործարկել: Քանի որ կա պայմանավորվածություն, մնացածը տեխնիկական հարցեր են, խաղաղապահ ուժերն այդ ամենն իրականացնելու են»,-նշեց Դավիթ Բաբայանը: Հարցին, թե այս փուլում Ստեփանակերտի օդանավակայանում նախապատրաստական աշխատանքներ արվո՞ւմ են, Դավիթ Բաբայանը նշեց, որ կատարվում են, գործընթացն ընթանում է: Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց, որ օդանավակայանի վերագործարկումը թե ռազմաքաղաքական, թե սոցիալ-տնտեսական առումով կարևոր է:

«Ռազմաքաղաքականն այն է, որ օդանավակայանը ծառայելու է նաև խաղաղապահ առաքելությանը: Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսականին, ապա հնարավորություն է ստեղծվելու Արցախի կապն արտաքին աշխարհի հետ զարգացնելու, ամրապնդելու: Բոլոր տեսանկյուններից էլ լավ է, որ օդանավակայանն աշխատի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը,  քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով, ըստ երևույթին, ռուսական կողմի պարտադրանքն է: Այն ճանապարհը, որն իրականացվում է սկզբում օդային ուղով դեպի Երևան, այնուհետև ցամաքային երկարատև ուղով դեպի Արցախ, չի կարող ոչ մի կերպ գոհացնել ռուսական կողմին, որն, ըստ էության, բավական մեծ թվով ռազմական ուժեր է կենտրոնացրել Արցախում:

«Դրանց սպասարկելու համար ապագայում պետք կլինեն նոր բեռնափոխադրումներ, արդյունավետ գործող տրանսպորտային կապ: Այնպես, որ կարծում եմ՝ Ստեփանակերտի բացման գործընթացը սկսել է Ռուսաստանը, որը դրա համար ունի այդ ուժային ռեսուրսն ու լծակը, իհարկե, առաջին հերթին ելնելով իր աշխարհաքաղաքական նպատակներից: Այն է՝ տրանսպորտային կապն իր զինված ուժերի հետ պահպանվի: Ռուսաստանը կգործարկի օդանավակայանը, ես չեմ կասկածում»,-ասաց Գարիկ Քեռյանը:

Արդյոք օդանավակայանի գործարկումը կլինի միայն Արցախում տեղակայված ռուսական զինված ուժերի սպասարկմանն ուղղված բեռնափոխադրման համար, քաղաքագետի կարծիքով, դա կախված է հայկական կողմի աշխատանքից: Ըստ նրա՝ համապատասխան օղակները ռուսական կողմի հետ պետք է աշխատեն, ու դա պետք է արվի նրբանկատորեն, որ հակազդեցություն առաջ չբերվի:

«Եթե ռուսական կողմին հաջողվի նաև համաձայնեցնել այն հանգամանքը, որ Երևան- Ստեփանակերտ կանոնավոր ավիաչվերթներ տեղի ունենան և՛ քաղաքացիական, և՛ բեռնափոխադրումների համար, ապա դա կլինի հոյակապ: Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը մեծ նշանակություն ունի: Ժամանակին հսկայական աշխատանք է կատարվել ժամանակակից չափանիշներով օդանավակայան ունենալու համար: Ադրբեջանի դրած վետոյի պատճառով այն չգործարկվեց: Այսօր ճիշտ է պատերազմն ավարտվեց մեր պարտությամբ, բայց Արցախը, թեկուզ, փոքր տարածքով, բայց պահպանել է իր սուբյեկտայնությունը որպես չճանաչված պետություն: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա այն կարևոր կետը, որ պետք է տրանսպորտային բոլոր կոմունիկացիոն ուղիները բացվեն: Այս առումով հավանաբար օդանավակայանը ևս մտցված է այդ ցանկում»,-հավելեց քաղաքագետը:

  • Կիսվել: