ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Amnesty International-ը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կասեթային ռումբերի օգտագործման մասին

Amnesty International-ը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կասեթային ռումբերի օգտագործման մասին

Amnesty International անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում կասեթային ռումբեր կիրառելու մասին տեղեկությանր: Այն նշում է, որ ադրբեջանական զինուժը, ըստ երևույթին, կիրառել է դրանք՝  չկարողանալով հաստատել հայկական զինուժի կողմից դրանք կիրառելու մեղադրանքը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Amnesty International մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ, ըստ երևույթին, ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են կասեթային ռումբեր: Կազմակերպության ճգնաժամային արձագանքման փորձագետներին հաջողվել է տեղանշել նկարներում պատկերված Ստեփանակերտի բնակելի հատվածները: Նրանք հայտնաբերել են իսրայելյան արտադրության M095 DPICM կասեթային զինամթերք, որոնք, կազմակերպության համաձայն, ըստ երևույթին, արձակվել են ադրբեջանական զինուժի կողմից Ստեփանակերտի ուղղությամբ:

‘’Մենք կարողացանք հաստատել ադրբեջանական զինուժի կողմից կասեթային ռումբերի օգտագործումը: Մենք խորը ուսումնասիրել ենք հարցը՛՛,- ասում է Amnesty International ներկայացուցիչ Դենիել Բելսոնը:

Կազմակերպությունը ուսումնասիրել է նաև հայկական զինուժի կողմից կիրառված հրթիռները, մասնավորապես Գյանջա քաղաքի ուղղությամբ և եկել եզրակացության, որ դրանք եղել են Սմերչ տեսակի հրթիռներ:

‘’Մենք բավականին ժամանակ ծախսեցինք հակամարտության գոտուց ստացված տեսանյութերի և ապացույցների ուսումնասիրության վրա: Այս պահին մենք չենք կարող եզրակացնել, թե ինչ թիրախներ են թիրախավորվել և արդյոք կլաստերային ռումբեր ու զինամթերք է կիրառվել Գյանջայի հրթիռակոծման ժամանակ՛՛ ,- նշում է Բելսոնը:

Amnesty International-ը կոչ է անում բոլոր կողմերին լիովին հարգել մարդասիրական միջազգային իրավունքը եւ պաշտպանել քաղաքացիներին թշնամական գործողություններից: Բելսոնն ընդգծում է՝ կասեթային ռումբերի կիրառումն արգելված է 2010 թ.-ից ուժի մեջ մտած «Կլաստերային զինամթերքի դեմ կոնվենցիայով», որին միացել են աշխարհի ավելի քան 100 երկրներ տարբեր աշխարհամասերից: Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել կոնվենցիային, սակայն, ըստ Բելսոնի, դա չի ազատում նրանց պատասխանատվությունից: Կոնվենցիան միջազգային իրավունքի փաստաթուղթ է, որը կարգավորում է ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

‘’Այս պայմանագրին չմիանալը չի արտոնում որևէ զորախմբին կամ բանակային ստորաբաժանմանն այս զենքերը օգտագործելու և առաջ բերելու հարցում: Դրանք իրականում մեծ թվով վնաս են հասցնում խաղաղ բնակչությանը’’,- ասում է Բելսոնը:

Կասեթային ռումբը խառը կրակ արձակող ու տարբերակում չդնող զինատեսակ է, որը կիրառվելուց հետո տարիներով շարունակում է խնդիրներ հարուցել խաղաղ բնակչության շրջանում: Առաջնային խնդիր պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սրվող հակամարտության ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանելու գործը, հայտարարում է Amnesty International-ը` կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին միանալ Կասեթային զինատեսակների մասին պայմանագրին:

  • Կիսվել: