շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը. Հայկ Կոնջորյան

ԱՄՆ-ը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը. Հայկ Կոնջորյան

Ամերիկայի Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը. սա Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանի արձանագրումն է: Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հայ խորհրդարանականներն ամերիկացի գործընկերների հետ քննարկել են Հայաստանի և Արցախի անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար) - Այդ օրերին Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն իրականացրեց Հայաստանի սահմաններին, և, բնականաբար, մենք նաև տեղում ներկայացնում էինք այդ պահին ընթացող գործընթացները ու նաև մեր գործընկերներին կոչ էինք անում, որ կոնկրետ միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանի ագրեսիվ քայլերը զսպելու համար: Ներկայացնում էինք նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջացնքի ապօրինի արգելափակման, ապօրինի կերպով անցակետի տեղադրման հարցերը:

Մայիսի 10-12-ը հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսիի, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբ Մենենդեսի, Դեբի Դինգլի և Ջեն Շչեկովսկիի, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները:

Հայկ Կոնջորյան - Այն, որ աջակցությունը տարբեր մակարդակներով դրսևորվում է և կշարունակի դրսևորվել, այդ ուղերձը մենք ստացանք Միացյալ Նահանգներից, և, բնականաբար, ԱՄՆ մեր գործընկերների համար առաջնահերթությունը տարածաշրջանային կայունության հաստատումն է:

8-րդ գումարման խորհրդարանի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի առաջին այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին: Հայ պատգամավորները մանրամասներ են ներկայացրել բանակցություններից, լսել ամերիկյան կողմի դիտարկումները:

Հայկ Կոնջորյան - Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է այս պահին ընթացող խաղաղության գործընթացում, և դրա ամենավառ արտահայտությունը մեր այցի նախորդ շաբաթ բանակցություններն էին և, բնականաբար, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որն այս պահին շարունակվում է, և մենք հանձնառու ենք այդ երկխոսության շարունակականությանը և ամրապնդմանը:

Հայաստանի օրենսդիրների հրավերով Միացյալ Նահանգների խորհրդարանականներ առաջիկայում կայցելեն Հայաստան:

  • Կիսվել: