ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը. Պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը. Պետքարտուղարության խոսնակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը:

 1lurer.am-ի փոխանցմամբ, հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ պետքարտուղարության խոսնակն է արել: Նեդ Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Հայաստանում շարունակվող քաղաքական լարվածությանը: Պետքարտուղարությունը բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնի գործողություններից:
 
Նեդ Փրայս (ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ) - Միացյալ Նահանգները հաստատակամորեն աջակցում է Հայաստանում օրենքի գերակայությանը, ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը: Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը:
 
Բացի դրանից՝ Պետքարտուղարությունը Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության 2 մասանոց ամենամյա զեկույց է ներկայացրել: Նշվում է, որ, չնայած Հայաստանի կառավարությունը շարունակում է հակակոռուպցիոն ծրագրերը, թմրանյութերի մաքսանենգությունը, ստվերային տնտեսությունը, արտասահմանից զգալի դրամական փոխանցումները, անշարժ գույքի սեկտորում ակտիվներ թաքցնելը տարածված և խոցելի խնդիր են մնում: Ըստ զեկույցի՝ փողերի լվացման գործերի զգալի մասում ներառված են նախկին իշխանության ներկայացուցիչներ:
 
2018 թ․հեղափոխությունից հետո Հայաստանն ավելացրել և բարելավել է փողերի լվացման գործերի հետաքննությունները։ Հայաստանը պետք է քրեական պատիժ նախատեսի այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման գործերում:
 
Մեկ այլ զեկույց էլ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն է հրապարակել, մտահոգություն հայտնել աշխարհում ժողովրդավարության մակարդակի հերթական հետընթացի առնչությամբ: 2021 թվականին աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին զեկույցում նշվում է՝ ադրբեջանական վարչակարգի կողմից ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում անուղղակիորեն սպառնում է Հայաստանի վերջին շրջանի ժողովրդավարական ձեռքբերումներին: Ըստ Freedom House-ի՝ միջազգային զգալի ներգրավվածության բացակայության պայմաններում՝ Ադրբեջանը իր ավտորիտար դաշնակից Թուրքիայի օժանդակությամբ պատերազմ սկսեց, որը դադարեցվեց Ռուսաստանի ջանքերով, սակայն շատ հարցեր չկարգավորված մնացին:

Հանրային որոշ շրջանակներ, նշում է Freedom House-ը, բուռն արձագանքեցին հետպատերազմյան իրադարձություններին, հարձակումներ տեղի ունեցան կառավարական շենքերի վրա, խորհրդարանի նախագահն էլ բռնության ենթարկվեց: Նման անկարգություններն, ըստ զեկույցի, սպառնում են երկրի՝ դժվարությամբ ձեռք բերված առաջընթացին և կարող են հանգեցնել շղթայական իրադարձությունների, որոնց հետևանքով Հայաստանը կնմանվի իր ավտորիտար հարևաններին:

  • Կիսվել: